Մանասյանը Քլայզերի հետ խոսել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների ճակատագրի մասին

Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Քլայզերը քննարկել են անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանը խոսել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Մանասյանը նշել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում անհետ կորած անձանց ծնողների և հարազատների հետ, հարցը բարձրացնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

Անդրեաս Քլայզերը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը պաշտպանի աշխատակազմի հետ։

Հավելենք, որ ԿԽՄԿ–ի տվյալներով` 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հայ–ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։

Sputnik Արմենիա