Զախարովա․ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման մեջ ՌԴ դերը կասկածի ենթակա չէ

Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», - նշել է Զախարովան։

Նա կրկին նշել է, որ 44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողովի հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է։ Եվ բոլոր հարցերը, որոնք տրվել են ՀՀ վարչապետին, վերաբերում են ներքին բանավեճերին, ճշմարտությունը գտնելու փորձերին։

«Եթե Ռուսաստանի ինչ-որ չար դիտավորություն կա, դե դա չարից է, կեղծ ուղերձ, մաքուր ջրի ապատեղեկատվություն», - ասել է Զախարովան:

Այդ բոլոր փորձերին, նրա խոսքով, կարելի է պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրություններով փաստաթղթից մեջբերումով։

«Հենց Ռուսաստանն ու ՌԴ նախագահն են կանգնեցրել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղ մտցված ռուս խաղաղապահներն ապահովում են հրադադարի ռեժիմը», - նշել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունները պատերազմի օրերին:

Sputnik Արմենիա