ՍԻՄՈՆՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵՑ, ԹԵ՞ ՄԱՏՆԵՑ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարդկանց վրա թքելու տոհմական սիրահար Ալեն Սիմոնյանը որոշակի ժամանակից ի վեր բացահայտ վայելում է կյանքն ու չի թաքցնում դա։ Ամենաթողությունից ու անպատժելիությունից նրա ուղեղն ակնհայտորեն մթագնել է, և ոչինչ հետ չի պահում ԱԺ դե ֆակտո նախագահին իր ճոխ կյանքը հրապարակավ ցուցադրելուց, ընդ որում մանրախնդրորեն հեգնելով նրանց հասցեին, ովքեր մատնանշում են դրա անթույլատրելիությունը երկրի համար այսքան, մեղմ ասած, բարդ ժամանակաշրջանում։ Բայց Ալենի պե՞տքն է երկիրը, երբ նա վերջապես հասել է նրան, որ լող տա անսահմանափակ իշխանության և սեփական քմայքների անսանձության մեջ:

Իրոք որ, Սիմոնյանը թքած ունի բոլորի վրա. նա ծառայողական գործուղումների է մեկնում իր ընտանիքի անդամների հետ, իսկ կինը հետո, առանց ամաչելու, սոցցանցերում տեղադրում է իրենց արտասահմանյան ժամանցի լուսանկարները: Ալենը բիզնես դասի ավիատոմսեր է գնում՝ բացարձակապես չմտածելով բյուջեի ավելորդ ծախսերի մասին։ Նա իր կնոջ համար շքեղ ծննդյան տոն է կազմակերպում՝ եսակենտրոն մոլեգնության և անզուսպ ինքնագոհության պոռթկումով նրա հետ գրկախառնված նետելով լողավազան, իսկ հետո նրանց սանձարձակ զվարճանքի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում:

Եվ այս ամենը՝ Արցախի ժողովրդի լիակատար շրջափակման և աղետալի վիճակի, հայոց պետականությանը սպառնացող ահավոր վտանգի խորապատկերին։ Բայց ի՞նչ են պետականությունն ու Հայրենիքը մեկի համար, ով մտահոգված է բացառապես սեփական բարեկեցությամբ և անթաքույց ցուցադրում է իր իշխանական ճոխ կյանքի անհոգությունն ու զեխությունը:

Սակայն Սիմոնյանին դա բավական չէ. նա պետք է նաև ներկայանա իբրև լուրջ, բանիմաց ու մտածող քաղաքական գործիչ, իր զազրելի թիմի արժանի անդամ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ վերջերս կայացած արտահերթ նիստի ընթացքում սույն էպիկուրականը որոշեց նաև բարոյախոսություն կարդալ այն մարդկանց գլխին, ում եղունգն անգամ չարժե՝ հնարավոր բոլոր իմաստներով: Իսկ բացի այդ, նույն օրը՝ հունիսի 26-ին, Ալենը խորիմաստ մտքեր էր բարբառում, որոնց տրամաբանությունը հաճախ դժվար էր հասկանալ, առավելևս՝ հավատալ։ Վերջինի առումով շատ մեծ խնդիրներ ունեն Նիկոլի գրեթե բոլոր թիմակիցները, որոնց համար, ինչպեսև իրենց շեֆի, մանր ու խոշոր ստերն ու գիտակցված խաբեությունը վաղուց դարձել են վարքի անբաժանելի մասն ու էությունը, իսկ Սիմոնյանը փաշինյանական արատի վարակիչության ամենավառ օրինակներից մեկն է։

Օրինակ, ԱԺ դե ֆակտո խոսնակը հայտարարեց, թե, իբր՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։ Որքան հայտնի է, Սիմոնյանը բանակցող չէ և առնվազն «երջանկություն» չի ունեցել հանդիպելու Ալիևի հետ փակ հանդիպման ժամանակ։ Թե ով է իրեն հայտնել սույն «կարևոր գաղտնիքը», Ալենչիկը լրագրողներին չասաց, և նույնիսկ ձևական կասկած հայտնեց, թե իբր՝ իսկ իրավունք ունե՞մ արդյոք ես խոսելու այդ մասին։ Հետո որոշեց, որ ունի, և հավելեց, որ Ալիևն արել է դա «թվային ձևակերպումով», ճիշտ է, մի փոքր այլ ձևով։

Այնուհետ Սիմոնյանը հայտարարեց, թե «Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ իրականացնել, Հայաստանը դա թույլ չի տա»: Լավ է, իհարկե, որ պետության երկրորդ դեմքն այդքան «հոգ է տանում» Արցախի ժողովրդի մասին, բայց այստեղ ակնհայտ անհամապատասխանություն ստացվեց իր սիրելի շեֆի ասածի հետ։ Չէ՞ որ դրանից երկու օր առաջ Փաշինյանն արձանագրեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, «էթնիկ զտման այն քաղաքականությունն է, որի մասին Հայաստանը խոսում էր տարիներ շարունակ»։ Այսինքն Հայաստանը, ավելի ճիշտ՝ նրա օկուպացիոն թուրքական իշխանությունները, այնուամենայնիվ «թույլ են տվել» դա, բայց Ալենը դեռ տեղյակ չէ։

Սակայն Սիմոնյանի գիտակցաբար թույլ տված ամենալուրջ արտահոսքը հետևյալ բառակույտն էր. «Այս ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի Հանրապետության ղեկավարները մշտական շփման մեջ են։ Այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ին և որոշումը կարող է անդրադառնալ ԼՂ-ին՝ այդ բոլոր որոշումները թողնվում են ԼՂ ընտրված իշխանություններին, ոչ թե ՀՀ իշխանություններին։ Ասեմ ավելին, լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում և բանակցել Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ՝ բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ»։

Ո՞րն էր այդ հայտարարության ենթատեքստը, կոնկրետ ի՞նչ էր ուզում ասել Սիմոնյանը, իսկ նրա շուրթերով՝ դե ֆակտո իշխանությունը։ Որ Արցախի ղեկավարներն ամենևին դեմ չե՞ն այն քաղաքականությանը, որ վարում են Փաշինյանն ու Սիմոնյանը, մասնավորապես՝ Ադրբեջանին «ինտեգրվելու» հարցում։ Որ իրենք չե՞ն միջամտում Արցախի ներքին գործերին, քանի որ դա իրենց չի վերաբերում, և Ստեփանակերտն ինքը պետք է լուծի իր հարցերը, թեև գոյաբանական այդ ահռելի խնդիրները ՀՀ իշխանությունների գլխավոր որոշման ամենաուղղակի հետևանքն են։ Վերջապես, որ «Արցախի ներկայացուցիչների բանակցությունները Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ» արդեն ընթանո՞ւմ են, միայն թե դրանց մասին չի հաղորդվում։

Սիմոնյանը մատնեց, թե՞ դավաճանեց Արցախի իշխանություններին

Դրանից բառացիորեն ժամեր անց Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը Armenia Today կայքին տված հարցազրույցում վստահեցրեց, որ Ստեփանակերտ-Բաքու որևէ շփում չի եղել։ «Մենք երբեք դեմ չենք եղել լիարժեք բանակցություններին, բայց Ադրբեջանը չի ուզում, Բաքվին պետք է ներադրբեջանական երկխոսություն։ Եվ կողմերը, որոնք առաջ են տանում այդ վեկտորը, կա՛մ սխալվում են՝ չհասկանալով, կա՛մ միտումնավոր ձգտում են կործանել Արցախը», -հայտարարեց նա։

Սա պատասխանն էր Սիմոնյանի ասածի՞ն։ Բաբայանը նկատի ուներ Սիմոնյանին և թուրքական մյուս դրածոների՞ն, խոսելով կա՛մ սխալի, կա՛մ Արցախը կործանելու գիտակցված մտադրության մասին։ Նրանցից ո՞վ ասաց ճշմարտությունը. Հայաստանի Ազգային ժողովի դե ֆակտո նախագահը, թե՞ Արցախի նախագահի խորհրդականը։

Ընդգծեմ, մենք ոչ մի պատրանք չունենք այն առնչությամբ, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլի հանցակիցն է և նույնպիսի մեղսակիցը, ինչպիսին ՔՊ-ական ողջ նողկալի ոհմակը։ Ավելին, ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Հարությունյանն արդեն հատել է նախկինում հայտարարված բոլոր կարմիր գծերը և տեղում իրականացնում է Արցախը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի դավաճանական քաղաքականությունը։ Մյուս կողմից, յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող հանրապետության ժողովուրդն անսասան է իր որոշման մեջ և կտրականապես մերժում է ահաբեկչական պետության կազմում կրկին բռնի ընդգրկվելու ցանկացած հնարավորություն:

Անկախ նրանից, թե Փաշինյանի պահանջով վարում է արդյոք Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Հարությունյանի, ինչ-որ գաղտնի բանակցություններ Բաքվի հետ, Սիմոնյանի ասածն այնքան ստոր ու զազրելի է, որ «մատնեց նա, թե՞ դավաճանեց ԼՂՀ իշխանություններին» հարցի պատասխանն արդեն էական չէ։ Ամեն դեպքում նման հայտարարությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է այն հակահայկական քաղաքականության մեջ, որ վարում է փաշինյան-սիմոնյանների հանցախումբը, և ծայրաստիճան ցինիկ ու նողկալի է այն հերոսական պայքարի խորապատկերին, որը մղում է Արցախի ժողովուրդը։

Այդ պայքարը, այդ տոկունությունը, քաջությունն ու հավատարմությունը հայրենի հողին հենց այն է, ինչն Ալեն Սիմոնյանին տրված չէ հասկանալ, որքան էլ նա հոխորտա ու փորձի մի այդպիսի քաղաքական մաչո երևալ։ Ամեն ինչ շատ ճղճիմ է. սողուն ծնվածը թռչել չի կարող և երբեք չի կարողանա: Սողուն ծնվածը այդպես էլ սողալու է իր ողջ ողորմելի կյանքում, չնայած գործադրած ամեն ճիգ ու ջանքին՝ ներկայանալու իբրև դրա տեր և ժողովրդի ճակատագիր վճռող։