ՉԻ ԵՂԵԼ ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ՈՂԲԱԼԻ, ՈՐՔԱՆ ՍՏԱԽՈՍ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԲԱԽՏԸ ՎՇՏԱԼԻ
Այս արևի տակ չի եղել երբեք ոչ մի պատմություն այնքան ողբալի, որքան այն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը «չի հասկանում», թե որն է իր մեղքը։ Իսկ այն մասին, որ ինքը չի հասկանում, վարչապետն ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ։ Իբր՝ այո, մարդկայնորեն ինքն այնքան ազնիվ է, որ իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում, բայց այ, ասում է Նիկոլը, երբ թուղթ ու գրիչ է վերցնում և ուզում կոնկրետ գրել, թե ինչում է ինքը մեղավոր, ոչինչ չի ստացվում։ Որովհետև, ազնիվ աչքերը հառած ասում է Նիկոլը, ոմանք իրեն մեղադրում են նրանում, որ հանձնել է հողերը, ոմանք էլ՝ որ յուրաժամանակ չի հանձնել...
Վարչապետը «չի հասկանում», թե որն է իր մեղքը…Դե ինչ, բացատրենք ևս մեկ անգամ։ Եվ կբացատրենք այնքան անգամ, որքան հարկ լինի: Մեղքդ, Նիկոլ, այն է, որ պատերազմ բերեցիր, և այն, որ պարտվեցիր այդ պատերազմում՝ ահռելի կորուստներ տալով։ Եվ այդ երկու մեծ մեղքերը փոխկապակցված են, ունեն ընդհանուր հիմք։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ: Որպեսզի Նիկոլի համար ավելի հեշտ լինի հասկանալ, սկսենք հիմունքներից։
Նիկոլն ասում է, թե պատերազմն անխուսափելի էր։ Քանի որ, ասում է նա, բանակցությունները փակուղի էին մտել... Դա սուտ է։ Պատերազմը սկսվեց ոչ այն պատճառով, թե բանակցությունները փակուղի էին մտել։ Քանի որ եթե պատերազմը սկսվեր բանակցությունների փակուղի մտած լինելու պատճառով, ապա պիտի սկսվեր շատ ավելի շուտ: Եվ բազմիցս:
Եռանախագահների (ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) աշխատանքի մեկնարկի պահից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղի են մտել բազմիցս։ Ասենք, նախքան համանախագահության ձևաչափը՝ նույնպես։ Եռանախագահների օրոք բանակցությունները փակուղի մտան, երբ կողմերի հետ չհաջողվեց համաձայնեցնել կարգավորման առաջարկությունների փուլային փաթեթը։ Հետո դրանք փակուղի մտան, երբ չհաջողվեց համաձայնեցնել ներկայացված փաթեթային տարբերակը։ Այնուհետ՝ երբ չհաջողվեց համաձայնեցնել «Ընդհանուր պետություն» անվանումով առաջարկությունների փաթեթը։ Հետո՝ երբ ձախողվեց Քի-Ուեսթը, որտեղ առաջարկվում էր Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելու դիմաց Ադրբեջանին ճանապարհ տրամադրել Մեղրիով դեպի Նախիջևան։ Հետո՝ երբ ձախողվեցին Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Ռամբույեում, Ժակ Շիրակի միջնորդությամբ։ Այնուհետ՝ երբ ձախողվեցին Կազանի բանակցությունները... Եվ էլի շատ ու շատ անգամներ, երբ տարիների ու տասնամյակների ընթացքում բանակցությունները կրկին փակուղի են մտել։
Բայց պատերազմ, Նիկոլ Վովաևիչ, «չգիտես ինչու» չէր սկսվում։ Անցնում էր մի որոշ ժամանակ, և միջնորդները նոր տարբերակներ էին մշակում, ներկայացնում դրանք կողմերի դատին և ասում, թե բացվում է նոր «հնարավորությունների պատուհան»։ Նիկոլի հղումները 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, որ բանակցությունները փակուղում են Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով, իբր՝ այդ պատճառով էլ պատերազմն անխուսափելի էր, հեքիաթներ են հավատարիմ ուսապարկերի համար: Իհարկե, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու Վահագն Ալեքսանյանը կհրճվեն այդ հեքիաթից, բայց իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած արձանագրումն ընդամենը բանակցային գործընթացում հերթական փակուղու մասին էր, բազմաթիվ նախորդների շարքում, ոչ ավելին։
Իսկ սկսվեց պատերազմն այն պատճառով, որ հակամարտության կողմերից մեկն արյան հոտ առավ, հանկարծ հասկացավ, որ այս անգամ կարող է ստացվել... Ինչո՞ւ այդքան լկտիացավ:
Գլխավոր պատճառն ամենեվին էլ նախորդ շրջանի ձախողված նախկին դիվանագիտությունը չէր, ինչպես ջանում է ներկայացնել Փաշինյանը։ Հիմնական պատճառն այն էր, որ խախտվեց ռազմական հավասարակշռությունը։ Հենց Նիկոլի օրոք։ Հղումներն առ այն, թե իր օրոք սպառազինության վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան նախորդ տասնամյակում, նույնպես հեքիաթ են հավատարիմ Քրիստինեի համար։ Քանզի կարևոր է ոչ թե այն, թե որքան կծախսես, այլ թե որքանով արդյունավետ կծախսես։ Կարելի է միլիոններ ծախսել, բայց դրանցով գնել զուգարանի թուղթ կամ տխրահռչակ «Սու»-եր, որոնց խորապատկերին հաճելի է լուսանկարվել, բայց պատերազմի ժամանակ դրանցից օգուտն ամենևին ավելի շատ չէր, քան զուգարանի թղթից: Դե, հասկանում եք, ինքնաթիռները գնել էին, իսկ դրանց զինամթերքը՝ կա՛մ մոռացել, կա՛մ թեթևակի չէին հասցրել…
Փաստն այն է, որ սպառազինությունների հավասարակշռությունը հայկական կողմը հաջողությամբ պահպանում էր նախորդ բոլոր առաջնորդների օրոք, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ բոլոր երեք առաջնորդների օրոք էլ բազմապատիկ գերազանցել է Հայաստանի ռազմական բյուջեն։ Բայց հավասարակշռություն կար, և այդ հավասարակշռությունը զսպում էր Ադրբեջանին։ Հավասարակշռություն կար ավելի պրագմատիկ մոտեցման, արտոնյալ գներով արված գնումների հաշվին, ամուր դաշնակցային կապերի և հաջող դիվանագիտության շնորհիվ մատակարարումների, բանակում կադրային արդյունավետ քաղաքականության հաշվին։ Եվ չնայած Ադրբեջանը սպառազինության վրա շատ ավելին էր ծախսում, դա գործնականում դեր չխաղաց նաև 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
Նիկոլը տապալեց ռազմական հավասարակշռության պահպանման վերոթվարկյալ բոլոր բաղադրիչները։ Եվ, այո, դա միայն սպառազինությունը չէր։ Գլխավորն էր, բայց ոչ միակը։ Իսկ կադրային քաղաքականությո՞ւնը: Նիկոլն արդեն մոռացե՞լ է, թե իշխանության գալուց հետո կադրային ինչ աթուրմա ծավալեց Հայաստանի զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում։ Կադրային փոխատեղումները, դաշնակիցների հետ հարաբերություններում տխմար դիվանագիտությունը նույնպես խաղացին իրենց դերը Իլհամ Ալիևի ախորժակի հարցում։
Բայց սրանք էլ դեռ բոլոր հանցավոր սխալները չեն ռազմական հավասարակշռության պահպանման գործում, որը պետք է զսպեր ագրեսորին: Վարչապետը կարծում է, թե արդեն մոռացվել է այն խառնակ վիճակը, որ կազմակերպեց իր թիմը երկրում։ Եթե լսենք Նիկոլի ելույթը հանձնաժողովի նիստում, ապա կարելի է կարծել, թե իշխանության գալուց հետո նրա բանուգործը բանակի խնդիրներով է զբաղվելն է եղել։ Իրականում, 2018-ից մինչև 2020 թվականը նրա գլխավոր զբաղմունքն իր քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելն էր։
Ընդ որում՝ հաճախ պարզապես հագուրդ տալով սեփական քմայքներին, բացարձակապես անիմաստ՝ պետական շահերի տեսանկյունից։ Որքա՜ն եռանդ նա ծախսեց իր թիմի հետ հենց թեկուզ Սահմանադրական դատարանը իրենով անելու վրա… Ի՞նչ շահեց Հայաստանը դրանից։ Ոչինչ: Եվ կրկին՝ ոչինչ: Ժամանակի վատնում բացարձակ անիմաստ ներքին հաշվեպարզումների վրա: Միգուցե, եթե Նիկոլն ավելի քիչ ժամանակ ծախսեր այսօր արդեն առավելևս ակնհայտ այդ անհեթեթության վրա, իսկ ավելի շատ զբաղվեր բանակի խնդիրներով, ավելի ողջամիտ քաղաքականություն վարեր այն ժամանակ թե՛ կադրային, թե՛ անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու առումով, ապա հայկական երկու պետությունները կշարունակեին ապրել խաղաղ կյանքով։
Չենք խոսում արդեն այն մասին, որ հասարակության պառակտումը չէր կարող չանդրադառնալ բանակի վրա։ Արցախյան առաջին ազատամարտում հաղթած թեկուզ մեղսավոր, բայց վաստակաշատ հրամանատարների և երկրի նախկին առաջնորդների վարկաբեկումը միայն զրոյացրեց բանակի հեղինակությունը, և այդ գործոնը նույնպես հաշվի առավ ագրեսորը պատերազմ սանձազերծելիս։
Քանզի ագրեսորը հասկանում էր, որ ավելի հարմար պահ կարող է և չլինել։ Չէ՞ որ հակառակորդ երկրի ղեկին կանգնած է դուրսպրծուկների և բանակային ծառայությունից խուսափածների թիմը, որոնք ըմբոշխնում են սեփական իշխանությունը, որոնց համար անվտանգության հարցերը լոկ գլխացավանք են, որը շեղում է գեղեցիկ ու անհոգ էպիկուրյան կյանքի անսպասելիորեն բացված հեռանկարներից։ Եվ հասարակության մեջ ակտիվորեն սերմանվող այդ բարեհոգի տրամադրությունները սոսկ ոգևորում են նրան, ով հարմար պահ է փնտրում ներխուժման համար։