«Ժողովուրդ». ՄԻԵԴ-Ը 7 ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՍՈՎ ՈՒՇԱԳՐԱՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով։
Մասնավորապես, լիազորությունները դադարեցրած 7 դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ. ուշագրավն այն է, որ բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, և առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը դատավորների դիմումը վարույթ ընդունելու և առաջնահերթությամբ 7 դատավորների հարցը մեկ վարույթում քննելու մասին անգամ տեղեկացրել է ԲԴԽ-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որևէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել և որևէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։
Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշման մասին գրություն ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ: