ՄԱԿՐՈՆԸ ՄԵԶ ԱՍԱՑ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԻՆՔԸ ՄԻԱՅՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ. Վարժապետյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը աղմկահարույց հայտարարություն է արել: Մակրոնը խոսել է Արցախի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման մասին:
Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մակրոնը, մասնավորապես, ասել է. «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան ինքը՝ Փաշինյան. հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
Հայ հեղափոխական դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նույնպես ներկա է եղել Մակրոնի հետ հանդիպմանը, եւ NEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել հանդիպումից:
«Ներկա եմ եղել ես եւ համայնքի 5 տարբեր պատասխանատուներ, մեր կողքին է եղել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Մարսելի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը: Նախագահ Մակրոնն այդ հայտարարությունն օդի մեջ չի արել, նա արեց այդ հայտարարությունը մեր այն խոսքին, որ Արցախի հարցով մենք ակնկալում ենք ավելի շատ վճռական, հստակ քայլեր Ֆրանսիայի կողմից: Պարոն նախագահը պատասխանեց հետեւյալը՝ ես Արցախի հարցով շատ ավելին կանեմ, ջանք կթափեմ՝ հակառակ ամեն բանի: Թե ի՞նչ տողատակ կարելի է հասկանալ այդ արտահայտության տակ, չգիտեմ: Մակրոնն ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում, հատկապես՝ ԵՄ շրջանակներում: Հիմնականն այն էր, որ նա վճռական է՝ Արցախի հարցով միջամտելու մեջ»,- պատմեց Հրաչ Վարժապետյանը:
Վարժապետյանի խոսքով՝ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, մտերմիկ միջավայրում, այդպիսով նախագահի հայտարարությոնները չեն արձանագրվել:
Հարցին, թե Մակրոնն ասե՞լ է՝ Ֆրանսիան պատրաստվո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, Վարժապետյանը պապատասխանեց. «Պատժամիջոցի թեման չի քննարկվել: Մակրոնը բացառի ասել է հետեւյալը՝ ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրում Արցախի հարցի վերաբերյալ, քան՝ Փաշինյանը, եւ հարցը Փաշինյանն է»:
Հրաչ Վարժապետյանն ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ Մակրոնը նման բովանդակության հայտարարություն է անում Արցախի հարցի առնչությամբ. «Սա արդեն երրորդ անգամն է 2 ամիսների ընթացքում: Վերջին անգամը եղել էր ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Մակրոնը նույնաբովանդակ հայտարարություն էր արել»:
Նա պատմեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Արցախի շրջափակման հարցին. «Մենք ասել ենք, որ արդեն 120-րդ օրն անցավ, որ շրջափակման մեջ են 120 հազար մեր հայրենակիցները, եւ դուք՝ որպես Ֆրանսիայի նախագահ պարտականություն ունեք ամեն ջանք գործադրել եւ խոսելուց՝ անցնել գործելուն: Ֆրանսիայի նախագահն էլ պատասխանեց, որ այդ հարցով չկասկածենք իր վճռականության վրա: Մենք Մակրոնին հիշեցրինք, որ մեզ համար անընդունելի է նույնիսկ այն խոսակցությունը, որ Արցախը կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմել»:
Հարցին, թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցում ինչպե՞ս է գնահատում, Վարժապետյանն ասաց. «Արցախի հարցով քաղաքականությունը շատ թույլ եմ գնահատում: Հանձնվող քաղաքականություն է: Արցախի հարցը համահայկական խնդիր է: Այն համազգային մտածողության խնդիր է: 30 տարի առաջ Արցախի ազատագրումը համահայկական ջանքերով եղավ: Հայաստանի իշխանությունները պարտվողական մոտեցում ունեն այս հարցով, որն անընդունելի ենք համարում»:
News.am