ԶԼՄ-ՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑԵԼ ԵՆ Հ1-Ի ՈՒ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՄԻՋև ԿՆՔՎԱԾ 45 ՄԼՆ 540 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ եւ Սուքիասյանների ապահովագրական ընկերությունից Հ1-ի աշխատակազմի համար 1 տարվա  առողջապահական ապահովագրություն ձեռք բերել, հայտնել է «Հրապարակ»-ը։

Պայմանագրով մի հետաքրքիր կետ էլ է սահմանվել, որ գումարի կեսը Հ1-ը «փակվելու» է գովազդով, այսինքն՝ ենթադրվում է, որ 22 մլն 700 հազարը Հ1-ը կվճարի, իսկ մյուս գումարի դիմաց էլ Հանրայինի եթերում կգովազդի Սուքիասյանների ընկերությունը՝ 1 րոպեն 110 հազար դրամով, կպատրաստի 1 հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին, լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաեւ Սուքիասյանների ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։

«Փաստորեն, Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին եւ դրա դիմաց «բնամթերքով փակվել»։ Հ1-ին, իրականում, շատ կսազի «ՍԻԼ Ինշուրանսի» փիառ գրասենյակի գործը»,- գրել է թերթը։

Armenia Today