ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է
«Հեղափոխությունից» հետո սկզբնական շրջանում իշխանական քարոզչությունը եռանդագին առասպել էր ստեղծում անձնական բարեկամության մասին, որ իբր ձևավորվել է Նիկոլի և իր հասակակից մի շարք համաշխարհային առաջնորդների միջև։ Մասնավորապես, ժողովրդին համոզում էին, թե նա, իբր, մտերմաբար շփվում է Ֆրանսիայի և Կանադայի նախագահների հետ, կապված լինելով առանձնակի վստահալից և ընկերական հարաբերություններով։ Ահա ուրեմն, Փաշինյանի «անձնական ընկերներից» ամենաազդեցիկը երեկ մի հայտարարություն արեց, որն ակնհայտորեն շոկի մեջ գցեց և՛ անձամբ Նիկոլին, և՛ նրա շրջապատին։ Այն աստիճան, որ բոլոր մեդիահարթակներում վայրկենապես գործարկվեց քարոզարշավ, որի գլխավոր նպատակը սենսացիոն լուրը հերքելն է։
ԽՈՍՔՆ, ԻՀԱՐԿԵ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ հայտարարության մասին է՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ինչի մասին հաղորդեց ՀՅԴ պաշտոնական կայքը։ Ըստ կայքի՝ Մակրոնն ասել է բառացիորեն հետևյալը. «Ես Ալիևի վրա շատ ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան ինքը՝ Փաշինյանը։ Խնդիրը Փաշինյանն է։ Ես միակն եմ Արցախի հարցում, որ հստակ դիրքորոշում ունի։ Ես շատ ավելին կանեմ Արցախի հարցում, ամեն ջանք կգործադրեմ»։
Ինչպես ավելի ուշ պարզաբանեց News.am-ին տված հարցազրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը, հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, ներկա են եղել հայ համայնքի 6 ներկայացուցիչներ և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուբաշը: Նա ընդգծեց նաև, որ Մակրոնն առաջին անգամ չէ, որ նման բովանդակությամբ հայտարարություն է անում Արցախի հարցի վերաբերյալ:
«Սա արդեն երրորդ անգամն է երկու ամսվա ընթացքում։ Վերջին անգամ Մակրոնը նման հայտարարություն արել է Ֆրանս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ հանդիպման ժամանակ», -հայտնեց Վարժապետյանը։
Եթե փորձենք հեռանալ զուտ հուզական խորապատկերից, ապա Ֆրանսիայի նախագահի ասածի էությունը հանգում է նրան, որ Արցախի կարգավիճակի հարցը դեմ է առնում մի խնդրի, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Եվ հենց այդ «խնդիրն» է խանգարում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն առնվազն դիտարկվի և հաշվի առնվի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Ինչպես նաև, որ Արցախը բռնի կերպով Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին անվերապահորեն պնդող հենց Փաշինյանի կեցվածքն է, որ ստիպում է այլ դիրքորոշում ունեցող արտաքին ուժերին համաձայնել նման մոտեցմանը, քանի որ դրան առավել քան համաձայն են ՀՀ իշխանությունները։
Մակրոնի հայտարարությունը, մի կողմից՝ պետք չէ գերագնահատել, մյուս կողմից՝ չի կարելի թերագնահատել. չափազանց հազվադեպ են համաշխարհային խոշոր տերությունների ղեկավարներն իրենց թույլ տալիս այդպիսի անկեղծություն՝ գերազանց իմանալով, որ ասվածը լայնորեն հրապարակվելու է։ Ի վերջո, առաջին հրապարակումը հայտնվեց հունիսի 28-ին, և Ելիսեյան պալատը երկու օր ուներ այն հերքելու համար: Դա չարվեց, հետևաբար՝ ամեն ինչ այնպես է, ինչպես որ մտածված էր, և որևէ թյուրիմացության կամ թերըմբռնման մասին, ինչպես փորձում է ներկայացնել նիկոլական քարոզչությունը, խոսք անգամ լինել չի կարող։
ԻՆՉՈ՞Ւ ՉԱՐԺԵ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԸ։ Դե, որովհետև Ֆրանսիայի կառավարությունը հնարավորություն ուներ ապացուցելու իր «այլ» դիրքորոշումը և ճանաչելու Արցախի անկախությունը՝ Ազգային ժողովի ու Սենատի օրինակով (որոնք, հիշեցնեմ, դա արել են երկու անգամ)։ Սակայն երկու անգամն էլ կառավարության ներկայացուցիչները բացեիբաց հայտարարել են պատգամավորներին, որ Հայաստանի իշխանություններն իրենց այդ մասին չեն խնդրել։ Ոչ այնքան դիվանագիտորեն ասած՝ հայաստանյան իշխանությունները դեմ էին։ Այսինքն արդեն այն ժամանակ Փարիզում չէին թաքցնում, որ ճանաչման հարցը բախվում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։
Թեև, իհարկե, բնավ փաստ չէ, որ եթե այդ դիրքորոշումը ոչ թե հակահայկական, այլ հայանպաստ լիներ, Ֆրանսիան իսկապես կդառնար առաջին պետությունը, որը կճանաչեր Արցախի Հանրապետությունը. չափազանց շատ են աշխարհաքաղաքական ստորջրյա խութերն այս հարցում:
Եվ այդուհանդերձ, ինչ՞ համար Մակրոնն ասաց դա, ինչու անվանեց իրեն «միակը», ով այլ դիրքորոշում ունի Արցախի հարցում, հատկապես ԵՄ-ում։ Ավելին, ինչո՞ւ էր պետք ուղիղ մատնացույց անել Փաշինյանին։ Այս տարի Ֆրանսիայում որևէ ընտրություններ չեն նախատեսվում, և Մակրոնը երկրորդ ժամկետի ավարտից հետո այլևս չի էլ կարող հավակնել նախագահի պաշտոնին, այնպես որ հայ համայնքի ձայներն այստեղ կապ չունեն։
Այս հարցին կարող է պատասխանել միայն ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, և Հրաչ Վարժապետյանը նույնպես խոստովանում է հարցազրույցում, որ չգիտի, թե «ինչպես հասկանալ այդ արտահայտության ենթատեքստը»։ Ամեն դեպքում պետք է համաձայնել նրանց հետ, ովքեր այս խոսքերը համարում են հայ ժողովրդին ուղղված մեսիջ, որն արդեն որերորդ անգամ հերքում է Նիկոլի բոլոր նախկին, ինչպես վաղուց է պարզվել, սուտ հայտարարությունները «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու միջազգային հանրության պահանջի» մասին։ Այսօր արդեն հասկանալի է, որ օկուպացիոն իշխանության ծրագիրն ամենևին էլ «նշաձողի իջեցումը» չէր, այլ կարգավիճակի հարցի իսպառ բացառումն օրակարգից, ինչին Փաշինյանն ու Ալիևը համատեղ ձգտում են հասնել առ այսօր և գրեթե հասել են։
Եվ ահա այս խորապատկերին Երևանի և Բաքվի միջև բանակցային գլխավոր հարթակի դերին հավակնող Եվրամիության առաջնորդներից մեկը հանկարծ հայտարարում է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկվելուն իր անհամաձայնության և դրա դեմ պայքարելու մտադրության մասին։ Ակամայից հարց է առաջանում. արդյոք դա՞ չէր պատճառը, որ Մակրոնին սահուն դուրս մղեցին միջնորդների շարքից, թողնելով միայն Միշելին, և գուցե հենց դրա համա՞ր Փաշինյանը համաձայնեց Ալիևի նաև այդ պահանջին։
Այն փաստը, որ Արցախի խնդիրն ամենևին էլ փակված չէ, որքան էլ փափագեն դա Նիկոլն ու իր թուրքական ոհմակը, ակնհայտ էր նաև նախկինում, և դրա հաստատումն է նախևառաջ հանրապետության ժողովրդի հերոսական դիմադրությունը, որն արդեն 7 ամիս շարունակ ապրում է գործնականում լիակատար շրջափակման պայմաններում։ Չնայած Մոսկվայի ծայրաստիճան հակասական վարքագծին, պարզ է, որ Ռուսաստանը ջանադրաբար խուսափում է կարգավիճակի հարցի ճշգրտումից, կենտրոնանալով միայն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա։ Այժմ Մակրոնն, ըստ էության, ասաց այդ մասին բաց տեքստով, հարուցելով Բաքվի կատաղությունը և ՀՀ իշխանությունների մեռյալ լռությունը։
Թույլ տանք մեզ, սակայն, չհամաձայնել Ֆրանսիայի նախագահի հետ, թե նա «միակն» է արտաքին բոլոր խաղացողներից, ով այլ կարծիք ունի։ Քանզի նախկինում բացահայտ կամ քողարկված, բայց նույն բանի մասին խոսել են ևս երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները։
Այսպես, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքը և հարակից բոլոր շրջանները միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում են Ադրբեջանին», քանի որ «Հայաստանը չի ճանաչել այդ տարածքի անկախությունը»։ Բայց ընդ որում հավելեց, որ տարածքի վերջնական կարգավիճակը հստակեցված չէ և պահպանվում է ստատուս քվոն։ Ընկալել այդ խոսքերն այլ կերպ, քան Հայաստանին հասցեագրված կշտամբանք և ակնարկ, որ ճանաչման դեպքում ամեն ինչ միանգամայն ուրիշ ընթացք կստանար, անհնար է։
Այժմ հիշենք, թե ինչ անակնկալ մատուցեց Փաշինյանին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հյուրընկալելով նրան Բեռլինում այս տարվա մարտի սկզբին։ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում բոլոր այս սկզբունքները հավասարազոր են»,- հայտարարեց կանցլերը, այնուհետ ևս մեկ անգամ ընդգծելով իր միտքը։
Թե ինչպես արձագանքեց դրան Փաշինյանը՝ հիշեցնելն ավելորդ է։ Հայաստանի դե ֆակտո ղեկավարն աշխարհի մյուս բոլոր ղեկավարներից առավել, թուրքերի հետ հավասար, ձգտում է հանձնել Արցախը թշնամուն և ազատվել Հայաստանի անքակտելի մասից՝ որպես ձանձրացած բեռից։ Դժվար է, անհնար է դա հասկանալ, բայց Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները փաստացի ավելի շատ են մտահոգված Արցախի ճակատագրով և ավելի շատ են ցանկանում կարգավիճակի հարցի լուծում՝ համաձայն միջազգային իրավունքի, քան Հայաստանի դե ֆակտո ղեկավարը…
Իսկ մուսյո Մակրոնը առայժմ միակն է այն իմաստով, որ համաշխարհային առաջնորդներից առաջինը նշեց հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը, որը խանգարում է Արցախի հարցի արդարացի կարգավորմանը: Եվ խանգարում է Հայաստանին մնալ հայկական, թեկուզև Ֆրանսիայի նախագահը այդ մասին կոնկրետ չասաց։ Իսկ թե ինչպես կարելի էր օգտվել Արցախի վերաբերյալ նրա անկեղծացումից, եթե Հայաստանում լիներ հայկական իշխանություն, խոսելն անգամ ավելորդ է…