ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է. ՇԱՏԵՐԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՀԱՑ ԳՆԵԼ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, ՄՐԳԵՐ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ. Հակոբյան
Այն, ինչ-որ կատարվում է հիմա Արցախում մեր թշնամի պետության քաղաքականությունն է, որը իրենք անխոչընդոտ իրականացնում են, որովհետեւ Արցախի իշխանությունները, որեւէ քայլ չեն ձեռնարկում, որ ՀՀ իշխանություններին համոզեն, հորդորեն, ստիպեն՝ վարվող քաղաքականության ընթացքը փոխի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Ստացվում է, որ այսօր ՀՀ Իշխանությունները, ըստ էության, համագործակցելով Ադրբեջանի հետ իրականացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագիրը: Իսկ ծրագիրն ակներեւ է, իրենք չեն էլ թաքցնում՝ այն է Արցախի բռնակցումը Ադրբեջանին, որը հստակ իրականացվում է: Այն կոչերրը, որ իրականացնում է Արեւմուտքը ոչ մի բան են, եւ որեւէ արդյունք չի տալիս, առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ եթե մենք ուզում ենք օգտվենք Կարմիր խաչի ծառայություններից, պետք է օգտվենք Ստեփանակերտ - Ակնա ճանապարհից: Այսինքն ինտեգրման առաջին քայլը հստակ ցույց են տալիս: Եւ այս ամեն ինչը կշարունակվի, քանի դեռ Արցախը պայքարում է եւ չի ընդունում պահանջները, որին, ցավոք, օգնում են ՀՀ իշխանությունները, որ դրանք կայանան: Եւ իրենց մարդասպան, ագրեսիվ գործելաոճը իրականացվում է անխոչընդոտ, եւ ըստ էության, 120 հազար մարդու սպանելը այս ճանապարհով, իրենց համար խոչընդոտ չի», -ասաց նա:
Արցախն այսօր իրականում ծայրահեղ իրավիճակում է. «Մարդիկ չեն էլ վստահում իշխանություններին եւ բազմաթիվ հորդորներին, որ պետք չէ հաց ավելի առնել, քան պահանջված է, միեւնույն է, այսօր հացի դարակները դատարկ են, փռերի տերերը չնայած հավաստիացնում են, որ թխում են նույն չափով, բայց շատերին չի հաջողվում հաց գնել, էլ չեմ խոսում այլ ապրանքների մասին: Բանջարեղեն, մրգեր իսպառ բացակայում են, վառելիք նույնպես, մարդիկ ուղղակի մեքենա դադարել են վարել»:
Նշենք, որ Արցախն արդեն 202 օր շրջափակման մեջ է, Ադրբեջանը արգելում է նույնիսկ խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների տեղափոխումը:
News.am