ԴԱՎԱՃԱՆՎՈՂ ԱՐՑԱԽ
Միայն չափազանց ալարկոտն այսօր չի խոսում այն մասին, որ Բաքուն ռազմական գործողություն է նախապատրաստում Արցախի դեմ։ Ինչպես Ադրբեջանում են ասում՝ Արցախի պաշտպանության բանակի դեմ։ Այդ մասին խոսում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, առաջարկելով Պաշտպանության բանակին ապակազմավորվել հոժարակամ։ Այդ մասին գրում է ադրբեջանական մամուլը։ Այն մասին, որ Բաքուն այսօր իր գլխավոր խնդիրը տեսնում է հենց Արցախի Պաշտպանության բանակը վերացնելու մեջ, Արցախի խորհրդարանում խոսում է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, փաստորեն նախազգուշացնելով…
ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԷԼ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ։ ԲԱՔՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ Է Արցախի քայլ առ քայլ ոչնչացման մշակված ծրագրով։ Երևանի թողտվությամբ։ Այդ ծրագրի մի մասը սկզբում ՀՀ ԶՈՒ զորքերը Սյունիքի մերձակա շրջանների իրենց դիրքերից դուրս բերելու պահանջն էր արդեն 44-օրյա պատերազմից հետո։ Այնուհետ՝ Հայաստան-Իրան միջպետական երթուղին Ադրբեջանին հանձնելու պահանջը։ Առանց որևէ սահմանագծման ու սահմանազատման։ Ապա, առանց որևէ պահանջի, Հայաստանի մի շարք սահմանամերձ տարածքների զավթումը։
Հետո, Երևանի լուռ համաձայնությամբ՝ Լաչինի, Աղավնոյի և Սուսի զավթումը։ Եվ որպես հետևանք՝ գազի և էլեկտրականության մատակարարման արգելափակումը Արցախ, այնուհետ՝ անցակետի տեղադրումը…Հիմա էլ ահա եկավ Արցախի Պաշտպանության բանակի հերթը։
Ի՞նչ էր անում Երևանը՝ ի դեմս Փաշինյանի։ Նա ձգտում էր և ձգտում է դանդաղեցնել Արցախի հանձնման գործընթացը, որպեսզի դա սպառնալիք չդառնա «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության համար։ Հասկանալի դիրքորոշում է։
Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Ղարաբաղը Ադրբեջան է, գործընթացն արագացում ստացավ։ Եվ ահա արդեն տեղեկություններ կան այն մասին, որ երևանյան չինովնիկները չեն պատասխանում իրենց արցախցի գործընկերների հեռախոսազանգերին։ Քանի որ հասկանում են, որ հենց այդպիսի պահվածք է իրենցից ակնկալում Փաշինյանը։ Ինչի մասին բացահայտ խոսում է արդեն նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իսկ Արարատ Միրզոյանը հանգիստ շարունակում է առաջընթաց գրանցել Բայրամովի հետ բանակցություններում հենց այն ժամանակ, երբ ադրբեջանական ԱՕԹՍ-ների և հրետանու հարվածներից զոհվում են ևս չորս արցախցի զինծառայողներ։ Դե, իսկ Փաշինյանն ինչ-որ բանի առթիվ շնորհավորում է Էրդողանին, և գնում Օհան Դուրյանի մասին փաստագրական ֆիլմի դիտմանը, որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա հանրությանը ցուցադրել իր նոր զգեստը։
Իհարկե, ասվածից չի կարելի հետևություն անել, թե Հայաստանի իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում և ապրում են անհոգ կյանքով, այցելելով բազմազան փառատոններ և կինոէկրանամուտներ, թքած ունենալով ամեն ինչի վրա։ Ամենևին։ Երևանը միջոցներ ձեռնարկում է։
ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ԳԱԼԻՔ ԱՀԱԳՆԱՑՄԱՆ և նոր կորուստտների մեղքը բարդի արտաքին դերակատարի, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի վրա։ Հակառուսական քարոզչության աստիճանի բարձրացումն ակնհայտ է։ Իշխանամետ հեռուստաալիքներից մեկով մի ոմն անքանքար դերասանիկ փրփուրը բերանին բարբառում է այն մասին, թե Երասխում կառուցվող գործարանը Ադրբեջանը հրետակոծում է ռուսների պատվերով։
Իսկ Արծրուն Հովհաննիսյանը (նույն այն Արծրուն Հովհաննիսյանը, հայտնի նրանով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում գերազանցեց ստի բոլոր ռեկորդները, պատմելով ադրբեջանական բանակի ֆանտաստիկ կորուստների մասին) այսօր արդեն 1-ին ալիքով «բացառիկ տեղեկատվություն» է հրամցնում այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին մատակարարել էր անսարքին և Ռուսաստանի ԶՈՒ հաշվեկշռից դուրս գրված Ս-300-ներ, որոնք ստիպված էինք կարգի գցել արդեն Երևանում… Գումարած, որ այդ համալիրների, ինչպեսև «Սմերչ»-ների արկերը, ըստ Արծրունի, տրվել են հատուկենտ քանակով։ Այսպես է այսօր բլբլացնում Արծրուն Հովհաննիսյանը «գրչի ու եթերի շնաձկներ» Պետրոս Ղազարյանի և Թաթուլ Հակոբյանի լուռ խրախուսմամբ… Ամեն ինչ տրամաբանական է և կանխամտածված։
Ի՞նչ ունենք արդյունքում։ Բաքուն ու Երևանը պատրաստվում են հերթական ահագնացման և նոր զոհերի Արցախում։ Ամեն մեկը պատրաստվում է յուրովի։
Ի՞նչը կարող է խանգարել Բաքվին իրականացնելու Արցախի վերացման և հետագայում Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ծրագրի հերթական փուլը։ Ոչինչ։ Համենայնդեպս Հայաստանում չի երևում այնպիսի քաղաքական ուժ, որն իր վրա կվերցներ չափազանց տեսանելի ապագայում գալիք գործընթացները փոփոխելու պատասխանատվությունը։