ՀՐԱՎԵՐ–ՆԱՄԱԿ ՉԻ ՈՒՂԱՐԿՎԵԼ. ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունները, թե նա հրավերներ է ուղարկել մի շարք զինվորականների։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել ենք, որ 2023–ի մարտի 23–ին Քոչարյանը Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Տիրան Խաչատրյանը օրաթերթին հայտնել է, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն ինքն այդպես էլ հրավեր չի ստացել։
«Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ և ապրում եմ, ինձ երբևէ որևէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»,– նշել է Խաչատրյանը:
Նա ընդգծել է, որ եթե հրավերը հասնի էլ, միևնույնն է, չի գնալու:
Պարբերականը փորձել է զրուցել նաև Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն վերջինս շեշտել է, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալու և անջատել է հեռախոսը։