ՔՊ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԵԳԻՏԻՄ ՉԵՆ, ԵՎ ՎԵ՛ՐՋ

Կանադական Վանկուվերում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 30-րդ տարեկան նստաշրջանը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության երկու անդամներ հանդես են եկել հակահայկական հայտարարություններով: Դրանք են Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը. «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորներ։ Երկու օր առաջ նույն Վանկուվերում՝ Կոնվենցիայի կենտրոնի մոտ, որտեղ տեղի էր ունենում նստաշրջանը, ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության ուժերով անցկացվել է ակցիա՝ ի աջակցություն Արցախի, որի մասնակիցները արտահայտել են հայ ժողովրդի մեծամասնության կամքը և կոչ արել ԵԱՀԿ ԽՎ-ին ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Իհարկե, այն, ինչի մասին իրենց ելույթներում հայտարարեցին Խանդանյանն ու Կարապետյանը, վաղուց նորություն չէ և ՀՀ դե ֆակտո իշխանությունների արդեն բացահայտ դիրքորոշումն է։ Այն է՝ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի ներառմամբ, և տարածքային պահանջներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ»: Բայց այն փաստը, որ ՔՊ-ի այս հակահայկական դիրքորոշումը հանրահայտ է, ամենևին էլ չի վերացնում նման հայտարարությունների անիրավաչափությունն ու դրա կոնկրետ կրողներին մշտապես մատնանշելու անհրաժեշտությունը։

Այդ թվում նաև այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը, հնչեցնելով սրբապիղծ հայտարարություններ, հանցակից է դառնում հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ կատարված հանցագործությանը և իր շեֆի հետ կիսում է Արցախում տեղի ունեցող ցեղասպանության պատասխանատվությունը։ Եվ «Ալիևին կասեցնելու», «նախապատրաստվող «Վրեժ-3» ռազմական գործողությունը կանխելու» ոչ մի կոչ ամենևին չի վերացնում և նույնիսկ չի նվազեցնում ներքին և միջազգային հարթակներում նման հայտարարություններով հանդես եկող յուրաքանչյուր ՔՊ-ականի անձնական պատասխանատվությունը։

Հետևաբար, անհրաժեշտ է մշտապես հիշեցնել փաշինյանական ուսապարկերին, որ այդօրինակ ցանկացած արտահայտություն և դիրքորոշում առհասարակ անիրավաչափ է և ոչ լեգիտիմ։ Նախևառաջ այն պատճառով, որ չկա, գոյություն չունի բնության մեջ միջազգային իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ, որում Արցախը նշված լինի Ադրբեջան անվանումով ահաբեկչական պետության կազմում: Ոչ մի հատ։ Բնավ պատահական չէ Բաքվի հուսահատ ձգտումը՝ հասնելու վերջապես նման փաստաթղթի ստորագրման, որպեսզի ստանա իրավաբանորեն պարտավորեցնող ուժ ունեցող թղթի կտոր։ Թեև այդ դեպքում էլ նման փաստաթղթի լեգիտիմությունը, թեկուզև Հայաստանի դե ֆակտո ղեկավարի կողմից ստորագրված, շատ մեծ հարցականի տակ է հայտնվելու բազմաթիվ պատճառներով։

Իրականում կան ընդամենը մի խումբ մարդկանց բանավոր հայտարարություններ, որոնք ընտրվել են Արցախի վերաբերյալ բոլորովին այլ ծրագրով և այլ դիրքորոշմամբ։ Ու դեռ հայտնի չէ՝ կստանար արդյոք «Քաղաքացիական պայմանագիրն» իր ձայները, եթե Նիկոլի կուսակցության նախընտրական ծրագրում նշված լիներ այն, ինչն այսօր Հայաստանի անունից բարձրաձայն և անամոթաբար հայտարարում են կուսակցության անդամները բոլոր հարթակներում։

Հերթական անգամ ներկայացնենք մեջբերում ՔՊ-ի 2021թ. ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնից։

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Արցախի հիմնախնդրի հենց նման լուծման օգտին է քվեարկել, ըստ պաշտոնական տվյալների, ընտրողների 53,92%-ը։ Այդ մարդիկ վստահ էին, թե իրենց ընտրյալները՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, առաջ կտանեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ինքնորոշման հիման վրա, քանի որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Ե՛վ Սարգիս Խանդանյանը, և՛ Մարիա Կարապետյանը, և՛ ԱԺ մյուս բոլոր ՔՊ-ական պատգամավորները պարտավոր են պահպանել այն դիրքորոշումը, որի շնորհիվ են, ի թիվս ամենի, հայտնվել խորհրդարանում: Բայց Փաշինյանի «ուսապարկերը» լրիվ կազմով անում են ճիշտ հակառակը։

Այսինքն, արձանագրենք հերթական անգամ, իշխող կուսակցության անդամները պարզապես խաբել են և շարունակում են խաբել իրենց ընտրողներին։ Այն փաստը, որ սուտը ՔՊ-ի և առաջին հերթին դրա առաջնորդների քաղաքական գլխավոր հավատամքն է, ոչ մի կերպ չի նվազեցնում պատասխանատվությունը և մի գրամով անգամ չի թեթևացնում այդ մարդկանց մեղքը: Քանզի խոսքը Արցախի և Հայաստանի ճակատագրի մասին է, հայոց պետականության և ժողովրդի ճակատագրի մասին, այն հարցերի, որոնց պարագայում չկան և չեն կարող լինել որևէ արդարացումներ և մեղմացումներ ոչ մեկի համար:

Եթե շատ հակիրճ ամփոփենք իրական վիճակը, ապա այն հանգում է հետևյալին. կշեռքի մի նժարին 1991 թվականին Արցախում ժողովրդավարական նորմերին և միջազգային իրավունքին լիովին համապատասխան անցկացված համաժողովրդական հանրաքվեի փաստն է՝ Ադրբեջանի սանձազերծած դաժանագույն զինված ագրեսիայի և շրջափակման պայմաններում: Մյուս կողմից՝ ընդամենը մի խումբ անձանց բանավոր հայտարարությունները, որոնք ցինիկաբար խաբելով հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների՝ ստացել են ընտրողների ձայների մեծամասնությունը, այդ խաբեության շնորհիվ կրկին եկել իշխանության, որպեսզի իրականացնեն բոլորովին այլ, հակահայկական քաղաքականություն առնվազն Արցախի հարցում։

Վերջին ամիսներին անցկացված սոցհարցումների արդյունքներն առավել քան համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 97%-ը անընդունելի է համարում «Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը», այսինքն՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Եվ միայն մոտ 2%-ի համար է դա ընդունելի:

Նույնիսկ եթե հնարավոր համարենք այդ տվյալներում որոշակի անճշտության առկայությունը, տարբերությունն այնքան մեծ է ու համոզիչ, որ այն հարցը, թե ում են այսօր ներկայացնում ՀՀ իշխանությունները Արցախի վերաբերյալ իրենց դիրքորոշման մեջ, ոչ միայն պարզապես հռետորական, այլև բացարձակապես անտեղի է հնչում. միայն իրենք իրենց: Այսինքն Խանդանյանն ու Կարապետյանը, ինչպեսև նախկինում Փաշինյանը, Սիմոնյանն ու մյուս ՔՊ-ականները, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում հնչեցրել են բացառապես իրենց կուսակցության, բայց ոչ իրենց ընտրողների՝ Հայաստանի քաղաքացիների կարծիքը։

Հնչեցրել են այն կարծիքը, որը հաստատված չէ ոչ մի փաստաթղթով, հիմնավորված չէ ոչ մի փաստով ու փաստարկով, չունի իրավական և բարոյական ոչ մի հիմք: Կարծիք, որը ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՛։ Եվ այդ ոչ լեգիտիմության մատնանշումով պետք է մշտապես ու անդադրում փակել բոլոր նրանց բերանները, ովքեր համարձակվում են մտածել անգամ Արցախը բռնապետական հանցավոր պետության կազմում ընդգրկելու մասին։ Անկախ նրանից՝ խոսքը խաբեբա պատգամավորի, լրտես նախարարի, թե օտարերկրյա դիվանագետի մասին է, որն իրեն թույլ է տալիս ճամարտակել հայկական Արցախի մասին և վճռել Հայաստանի ճակատագիրը՝ իսպառ զուրկ լինելով այդ իրավունքից։