ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` այս այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված քայլերի համատեքստում:

«Ռուսական կողմը շարունակելու է կողմերի մոտեցումների մերձեցմանն ուղղված ջանքերը։ Առաջիկա պլաններում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան: Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ», - հավելել է նա։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ ողջունել Է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական հարաբերություների կարգավորման գործընթացում առաջընթացը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջին անգամ մեր երկիր էր այցելել այս տարվա մայիսի սկզբին։

Sputnik Արմենիա