2018-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՄԵՆԱԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԻՆ
...Կինս, լինելով փորձառու վիրահատական բուժքույր, 44-օրյա պատերազմի սկսվելուն պես խնամում էր վիրավորներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հապճեպ հարմարեցված տարածքում: Ամեն հերթափոխից հետո նա, հոգնատանջ գալով տուն, ընկճված պատմում էր ռազմաճակատում տիրող սարսափելի վիճակի մասին, ընդ որում տվյալներն առավել քան հավաստի էին, քանի որ ստացված էին, այսպես ասած, առաջին ձեռքից՝ առաջնագծում եղած շփոթահար երիտասարդներից, որոնք պատմում էին, օրինակ, որ իրենց զորամասերն այլևս գոյություն չունեն…
ԿՀԱՐՑՆԵՔ՝ ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑԻ ՍԱ։ Երբ այսօր պատասխանատու պաշտոնյաները տրտնջում են, թե մեր պարտության գործոններից մեկը Ադրբեջանի մղած խիստ արդյունավետ տեղեկատվական պատերազմն էր, որն իբր հանգեցրեց հասարակության բարոյահոգեբանական թուլացման և գրեթե խուճապի, ես հիշում եմ կնոջս պատմած ամենը՝ այն «ճշմարտության» խորապատկերին, որ պատերազմի 44 օրերի ընթացքում շարադրում էր միայն ՊՆ տխրահռչակ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Եվ դեռ մեծ հարցական է՝ եթե այն ժամանակ հասարակության լայն շերտերին հասանելի լիներ ռազմաճակատում տիրող իրական վիճակը, խուճապ կսերմաներ դա արդյոք, թե՞ հակառակը, կհամախմբեր հասարակությանը և կամրապնդեր հաղթանակի կամքը…
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստում փաշինյանական «հետազոտություններին» ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի տված պատասխանի մեջ կա մի անվիճելի ճշմարտություն. վարչապետը պետք է ոչ միայն գնահատի Զինված ուժերի գործունեությունը, այլև ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի աշխատանքը, քանի որ «Զինված ուժերը մարտական գործողություններ են մղում, իսկ պատերազմը վարում է պետությունը (ընդհանուր առմամբ-Ա.Ա.), և այդ տեսանկյունից բազում սխալները, խնդիրներն ու սխալ քայլերը ճակատագրական դեր խաղացին»։
Իհարկե, դժվար է այդչափ պարզ ճշմարտության գիտակցում ակնկալել «պատերազմի գերագույն մոդերատորից», որը բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրեց հենց գեներալակազմին և բանակին: Մասնավորապես, գրեթե ոչինչ չասվեց ռազմարդյունաբերության ազգային համակարգի մասին, այն մասին, ինչը նախորդ տարիներին կոչվում էր ռազմարդյունաբերական համալիր (ՌԱՀ)։ Նույն Օնիկ Գասպարյանը վարչապետին հղած իր պատասխան ուղերձում չմոռացավ պատերազմի նաև այդ կարևորագույն բաղադրիչի մասին, նշելով, որ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ պնդել է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով ռեսուրսները մոբիլիզացնելու, ընկերությունների արտադրական հնարավորությունները հստակեցնելու անհրաժեշտության մասին»։ Եվ եթե դա արվեր, ապա ազգային պաշտպանական արդյունաբերությունը կարող էր գոնե մասամբ փակել սպառազինությունների անբավարարության այն բացը, որն ի հայտ եկավ պատերազմի ընթացքում՝ զինամթերքի և այլ սպառազինության ներկրման դժվարությունների պատճառով։
Պետք է ասել, որ մինչփաշինյանական շրջանում իշխանությունները շատ բան են արել երկրում ռազմարդյունաբերության համակարգի զարգացման համար, սկսելով դեռևս 2011 թվականին այդ ոլորտում բարեփոխումների հայեցակարգի ընդունումից։ Երկրի այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանն այդ գործը վերցրեց իր անձնական հսկողության տակ՝ հանձնարարելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին կես տարին մեկ իրեն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջոցառումների ընդունված ծրագրի իրականացման վերաբերյալ։ Երկրի ղեկավարությունը դեռ այն ժամանակ ճիշտ գնահատեց Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական իրողությունները, շեշտելով ոչ միայն միջազգային համագործակցությանն ու ռազմավարական դաշինքներին ապավինելու, այլև «ռազմարդյունաբերական այնպիսի համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները», ընդ որում նվազեցնելով կախվածությունը որևէ կոնկրետ երկրից։
44-օրյա պատերազմի մեկնարկից գրեթե 10 տարի առաջ Հայաստանում փաստացի ստեղծվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման համար անհրաժեշտ հզորությունները, մշակվել են կապի ժամանակակից համակարգեր, խնդիր է դրվել կազմակերպել թեթև սպառազինության և հրետանային միջոցների, ինչպես նաև լազերային, օպտիկա-մանրաթելային և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրություն։
2012թ. ապրիլին զենքի արտադրության արտոնագրեր են տրվել «Էլեկտրոն» ԲԲԸ-ին և «Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ին, ռուսական կողմի հետ մշակվել են Հայաստանի տարածքում ռուսական արտադրության սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ զրահատեխնիկայի, ՀՕՊ միջոցների, ուղղաթիռների, «ՈՒԱԶ» ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման սերտիֆիկացված համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերը:
Հիշյալ հայեցակարգի ընդունումից երկու տարի անց Երևանում Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայությամբ բացվեց «ԿամԱԶ Արմենիա» առևտրի և սպասարկման կենտրոնը՝ նախատեսված, ի թիվս ամենի, հատուկ տեխնիկայի, ինքնաթափերի, քարշակների և «ԿամԱԶ» մակնիշի այլ ավտոմոբիլային տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար:
Ցուցանշական է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ համագործակցությունը թույլ էր տալիս Հայաստանին հաջողությամբ սինթեզել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում, իսկ Չինաստանը որոշում էր կայացրել կանոնավորապես (ամենամյա) անհատույց ռազմատեխնիկական օգնություն տրամադրել մեր երկրին։ Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանը, զգալով ահագնացող սպառնալիքները, յուրաժամանակ, ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց գրեթե 10 տարի առաջ ձեռնամուխ եղավ արդյունաբերական այնպիսի ներուժի ստեղծման հարցերի լուծմանը, որը կերաշխավորեր սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հայկական բանակի կարիքների ապահովման հնարավոր առավելագույն ինքնաբավություն։
Ավաղ, Փաշինյանի իշխանության գալը, որն իր անսանձ, բայց ոչնչով չհիմնավորված հավակնությունների պատճառով ամեն ինչ «սկսեց սեփական կետից», պատերազմի նախաշեմին քիչ բան ավելացրեց արդեն արվածին։ Ավելին. Հայաստանի ռազմարդյունաբերության համակարգի խորը վերակառուցումն ընդհատվեց ամենակրիտիկական պահին, փոխարկվելով բանակը ելակով ու անդրավարտիքներով անհապաղ ապահովելու անհրաժեշտության շուրջ անպտուղ խեղկատակային քննարկումների։ Արդյունքում մենք արդեն մարտական գործողությունների ընթացքում բախվեցինք սովորական հրետանային արկերի և այլ սպառազինության պակասուրդի, այդ թվում՝ ԱՕԹՍ-ների դեմ պայքարի միջոցների («Տոր 2Մ» համակարգեր և այլն), «10%-ով» պայթող «Իսկանդերների», ինչպես նաև Փաշինյանի օրոք ձեռք բերված անօգուտ, հրթիռներից զուրկ գրոհային ինքնաթիռների, իսկ այսօր ունենք իշխանություն, որը խարխլել է ամուր կապերը բարեկամ պետությունների հետ, ինչի արդյունքում անկարող է սպառազինություն ձեռք բերել նույնիսկ փողի առկայության դեպքում…