1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում

2023 թվականի հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 199 000, ինչը շատ ավելի բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Մասնավորապես 2022 թվականի հունիսի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար, 2019թ.` 154 հազար։

«1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 11 տոկոս, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս։

Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան:

Ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում են ցամաքային ճանապարհի «Գոգավան» և «Այրում» անցակետերից:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային խմբին, ապա հիմնականում Հայաստան են գալիս 36-63 տարեկանները, առավել հազվադեպ` 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկները։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ռեկորդային թվով մարդ է այցելել Հայաստան՝ 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։

Sputnik Արմենիա