Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այդ թվում վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։

Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը։

Հունիսի 8–ին հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել էին առևանգված երկու հայ զինծառայողներին։

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Sputnik Արմենիա