ԱՆՀԱՊԱՂ ԿՈՇՏ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿՎԵՆ․ Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

Ադրբեջանի պահվածքը ևս մեկ անգամ փաստում է, որ միջազգային հանրությունն անողնաշար ու անատամ է։ Կրկին արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը և ծաղր ու ծանակի ենթարկում ողջ միջազգային հանրությանն ու համամարդկային իրավունքների պահպանման համար ստեղծված միջազգային կառույցներին։ Մեկնաբանելով ԿԽՄԿ-ին հիմա էլ մաքսանենգության մեջ մեղադրելու և այդ պատրվակով միջազգային այդ կառույցի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով արգելելու՝ Ադրբեջանի հերթական սանձարձակ քայլը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Ուղղակի աբսուրդ է, զավեշտ այդ երկրի հայտարարությունը (նկատի ունի Ադրբեջանին,-խմբ), թե, իբր Կարմիր Խաչի մեքենաներով մաքսանենգ ապրանք են փորձել տեղափոխել Արցախ։ Ըստ նրանց՝ մարդը, որ իր անձնական օգտագործման համար մի երկու տուփ ծխախոտ է տանում տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախ, որտեղ մեկ ամիս է՝ որևէ հումանիտար բեռ չի մտել, որտեղ խանութները դատարկվել են, համարվում է «մաքսանենգությո՞ւն»։ Այս խայտառակությունը չէր լինի, եթե 2020թ չարաբաստիկ համաձայնագրի կետերն Ադրբեջանն անընդհատ չոտնահարեր։ Ու առհասարակ, ի՞նչ գործ ունի Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը, որ մի հատ էլ ստուգեր ԿԽՄԿ-ի մեքենաները, ո՞վ է իրավունք տվել նրանց միջազգային մարդասիրական կազմակերպության մեքենաները ստուգել»,-վրդովմունք է հայտնում Բաբայանը։

Թե՛ ԿԽՄԿ-ի, թե՛ միջազգային տարբեր կառույցերից անհապաղ ու կոշտ քայլեր պետք է հետևեն Ադրբեջանի այս սանձարձակությանը։ Հայտարարություններն ու զուտ արձագանքներն արդեն, ըստ Բաբայանի, որևէ արդյունք չեն տալու և ծայրահեղ իրավիճակը չեն փոխելու։ Միայն միջազգային հանրության պատժիչ գործողություններով, Բաբայանի համոզմամբ, հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին։

«Տարբեր մեթոդներ, գործիքներ կան, որոնք միաջզգային հանրությունը կարող է կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Որպես օրինակ՝ կարող է փակվել ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակը։ Առաջնահերթ Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի դնի դիվանագիտական բոլոր խողովակներն ու լծակները։ Ինչպես տեսնում ենք, միաջզգային կազմակերպությունն անգամ համամարդկային իրավունքները չի կարողանում պաշտպանել, հետևաբար՝ եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, ուրիշ ոչ մեկը չի պաշտպանելու։ Դա կասկածից վեր է»,-շեշտեց Բաբայանը։

Այն, որ հորինված պատճառաբանությունն Ադրբեջանի համար ընդամենը պատրվակ էր՝ արցախցիների վրա ճնշումը մեծացնելու, պաշարումն է՛լ ավելի անտանելի դարձնելու համար, մեր զրուցակիցը չի էլ կասկածում։

Չբացառելով անպատժելիության պայմաններում Ադրբեջանի՝ է՛լ ավելի հեռուն գնալու և ապօրինի տեղադրված անցակետն մաքսակետի վերածելու հավանականությունը, Բաբայանը կրկին շեշտեց՝ անհապաղ ճնշումներ պետք է գործադրվեն Ադրբեջանի վրա։

Փաստինֆո