ՀԱՆՁՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն օրերս հայտարարեց, թե ԱՄՆ-ը առաջվա պես հույս ունի, որ համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է և սպասում է բանակցությունների շարունակությանը։ Դե, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում նշեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման։ Հայտարարեց շատ հոռետեսաբար, և կարծում ենք, տվյալ հարցում արժե նրան հավատալ։ Առավելևս, որ Սպիտակ տան ներկայացուցչի ձևական լավատեսական հայտարարությունը նույնպես ավելի շուտ նման է նույնպիսի հոռետեսության դիվանագիտական շրջանակման։

Ինչո՞ւ է գործն արգելակվել, եթե Երևանն ընդունում է Բաքվի հիմնական պայմանները։ Հայտնի բան է, Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Երևանի առաջարկած Բաքու-Ստեփանակերտ երկխոսության  «միջազգային հարթակը»։ Եվ այնտեղ արդեն առավելևս ծիծաղում են միջազգային խաղաղապահներ կամ դիտորդներ տարածաշրջան մտցնելու Փաշինյանի հայտարարած մտադրությունների վրա։

Այդ դեպքում ինչո՞ւ էր պետք Երևանին ռևերանսներ անել Ալիևի առջև։ Հնարավոր խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները համաձայնեցնելուց առաջ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջազգային մակարդակով ընդունված ինքնորոշման իրավունքին աջակցելուց, ամեն կերպ ընդգծել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է, որ ահա արդեն Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նորությունների իր թողարկումներում  օգտագործում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Հանրային ալիքը վաղուց չի օգտագործում  «հանրապետություն» բառը Արցախի պարագայում, նշում է օմբուդսմենը, ասենք, բուն Արցախ անվանումն էլ որոշակի ժամանակից ի վեր տաբու է լրատվական ծրագրերում։

Փաշինյանի այդ բոլոր մեծ ու փոքր ռևերանսների արդյունքում Բաքուն միայն խստացրեց իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում։ Այսօր այն արդեն արգելափակված է նաև Կարմիր խաչի մեքենաների համար։ Իբր՝ դրանց տեղացի հայ վարորդները փորձել են շրջափակված Արցախ տեղափոխել մաքսանենգ ծխախոտ, բջջային հեռախոսներ և բենզին…Դե, նաև չհայտագրված կոնֆետներ, երևի։  Ախ, ինչպիսի՜ դաժան հարված Փաշինյանի կողմից ընդունված Ադրբեջանի ինքնիշխանությանը Արցախի նկատմամբ։

Այսպիսով,  այսօր, երբ Վաշինգտոնում շարունակում են համարել, կամ համենայն դեպս հայտարարում են, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, Բաքուն լիովին արգելափակել է Լաչինի միջանցքը, փակելով նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, և համաձայն մի շարք աղբյուրների հաղորդման, Արցախի դեմ պատրաստվում է նոր գրոհ «հակաահաբեկչական գործողության» ցուցանակի ներքո՝ ընդդեմ Արցախի Պաշտպանության բանակի։ Չի կարելի բացառել, որ Կարմիր խաչի մեքենաների համար Լաչինի միջանցքի արգելափակումը նույնպես կապված է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից նախապատրաստվող նոր ներխուժման հետ։

Ինչի՞ է սպասում Բաքուն։ Կա՛մ Փաշինյանի նոր զիջումների, կամ…նոր ծանր մարտերի ուկրաինական ռազմաճակատում։ Շատ լավ հիշում ենք, որ Ադրբեջանի անցած տարվա սեպտեմբերի 12-14-ի ագրեսիան, դե, չափազանց հաջող  «համընկավ» ժամանակային առումով Խարկովի մոտակայքում ուկրաինական հարձակմանը, այն ժամանակ ընթացող ծանր մարտերին, որոնց վրա էր կենտրոնացած և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուշադրությունը։

Վերադառնանք Ալիևի առջև Փաշինյանի ռևերանսներին։ Ինչ է, հայոց վարչապետը չի՞ հասկանում, որ Բաքուն էլ, Անկարան էլ համաձայնություն չեն տա միջազգային դիտորդներ և առավելևս արևմտյան խաղապահ զորակազմ մտցնելուն տարածաշրջան։ Բաքուն նման համաձայնություն չի տա, իսկ երկու տարի անց (լավագույն դեպքում երկու տարի) կպահանջի նաև ռուս խաղաղապահների դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Ընդգծելով, որ Երևանը նույնպես՝ հանձին Փաշինյանի, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։

Ամեն ինչ էլ Փաշինյանը հասկանում է, բայց նրան պետք են խոսակցությունները Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մի ինչ-որ հնարավոր «միջազգային մեխանիզմի» մասին։ Համենայնդեպս ներքին գործածման համար, որպեսզի ժամանակ շահի Արցախի հանձնման սահուն, իր իշխանությանը չսպառնացող քայլ առ քայլ գործընթացի համար։