Միջազգային գործընկերներից ակնկալում ենք կոնկրետ քայլեր. Սիմոնյանը՝ Ռըտայոյին

Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար: Այս մասին Ֆրանսիայում` «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Նա ընդգծել է, որ ամենօրյա ռեժիմով Հայաստանը առկա խնդիրների մասին բարձրաձայնում է միջազգային հանրությանը։

Բրունո Ռըտայոն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:

Հանդիպման ժամանակ Սիմոնյանն իր երախտագիտություն է հայտնել ՀՀ-ի համար կարևորություն ունեցող հարցերում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար:

Sputnik Արմենիա