Հրապարակվել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեն

ՆԱՏՕ-ի կայքում հայտնվել է Վիլնյուսում դաշինքի առաջնորդների գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեի տեքստը, որը բաղկացած է 90 կետից։

Ուկրաինայի համար ամենակարևորից կետերից է այն, որ դաշինքը համաձայնել է հեռացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը, սակայն դեռևս անդամակցության հրավեր չի տվել:

11-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն վերահաստատում է 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթաժողովում ստանձնած պարտավորությունն առ այն, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ:

«Այսօր մենք ընդունում ենք, որ Ուկրաինայի ուղին դեպի եվրաատլանտյան ամբողջական ինտեգրում դուրս է եկել անդամակցության գործողությունների ծրագրից։ Ուկրաինան դառնում է ավելի օպերատիվ և քաղաքականապես ինտեգրված Հյուսիսատլանտյան դաշինքին և էական առաջընթաց է գրանցել բարեփոխումների ճանապարհին»,-ասվում է փաստաթղթում։

Այժմ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով կգնահատեն Ուկրաինայի առաջընթացը՝ հարմարեցված տարեկան ազգային ծրագրի շրջանակներում:

«Մենք կկարողանանք Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր ուղարկել, երբ դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն»,-ասվում է փաստաթղթում:

12-րդ կետը հստակեցնում է, թե ինչպես է գործելու Ուկրաինա-ՆԱՏՕ նորաստեղծ խորհուրդը: Դրա մասնակիցները կլինեն իրավահավասար անդամներ և խնդիրներ կլուծեն դաշինքին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին, ասվում է փաստաթղթում։

5-րդ կետում ասվում է, որ Ռուսաստանն իրենից ներկայացնում է դաշնակիցների անվտանգության, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար առավել նշանակալի և անմիջական սպառնալիք: Նույն կետում նաև ասվում է, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով անվտանգության ամենաուղղակի սպառնալիքն է։

7-րդ կետում ասվում է, որ Ռուսաստանը լիակատար պատասխանատվություն է կրում Ուկրաինայի դեմ անօրինական, ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիվ պատերազմի համար։ Այնտեղ նաև հիշատակվում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման մասին, ինչը, ինչպես նշել են ՆԱՏՕ-ում, ընդգծում է Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի դաժան հետևանքները։

Դաշինքում հայտարարել են, որ Բելառուսը և Իրանը նույնպես պետք է դադարեցնեն իրենց օժանդակությունը Ռուսաստանին և վերադառնան միջազգային իրավունքի պահպանմանը (կետ 8): Առանձին Իրանի մասին ասվում է 84-րդ կետում. ՆԱՏՕ-ն կոչ է անում Իրանին դադարեցնել Ռուսաստանին անօդաչուներ հանձնելը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի խաղաղ բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ: Իրանին նաև կոչ են անում դադարեցնել ծովային նավերի զավթումը։

«ՉԺՀ-ի հայտարարած հավակնություններն ու հարկադրանքի քաղաքականությունը մարտահրավեր են նետում մեր շահերին, անվտանգությանը և արժեքներին։ Մենք նախկինի պես բաց ենք ՉԺՀ-ի հետ կառուցողական փոխգործակցության համար, այդ թվում՝ փոխադարձ թափանցիկության ապահովման համար՝ Հյուսիսատլանտյան միության անվտանգության շահերը պաշտպանելու նպատակով»։

ՆԱՏՕ-ն կոչ է անում Չինաստանին դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

Մի շարք կետերում խոսվում է այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ում ամրապնդում և հետագայում էլ ավելի ամրապնդելու հավաքական պաշտպանությունը բոլոր ուղղություններից եկող բոլոր սպառնալիքների դեմ։

Դաշինքի փաստաթղթում ասվում է, որ ՆԱՏՕ-ն հաստատում է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, պաշտպանում է Վրաստանի իրավունքը ինքնուրույն որոշելու իր ապագան և արտաքին քաղաքականության կուրսը՝ առանց արտաքին միջամտության: Դաշինքը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից։ Նույն կոչը՝ ուղղված Ռուսաստանին, կա նաև Մոլդովայի մասին կոմյունիկեի կետում։

News.am