«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԱՀԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ։ ՔՐ.ՕՐ.-Ն ԷԼ՝ ՕԳՆԱԿԱՆ

Իշխող խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են մտցրել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով մտադիր են խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալ պարտադրել բոլոր նրանց, ում հրավիրում է ԱԺ քննիչ հանձնաժողովը «ցուցմունքներ տալու» համար։

ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ իշխանության եկած իմքայլական-ՔՊականները թերևս իրենց հավասարը չունեն։ Ձգտելով հասնել ուզածին, տուրք տալով սեփական քմահաճույքներին, նրանք ընդ որում «պատմականորեն աննախադեպ» գտնվեցին նաև Սահմանադրության և առհասարակ օրենսդրության բացահայտ ոտնահարման առումով. լինի դա Սահմանադրական դատարանի աշխատակազմի վերաձևում, ԱԺ էթիկայի հանձնաժողովի լուծարում, օրենքի ուժով ստեղծված, բայց իշխանության համար անցանկալի քննիչ հանձնաժողովների աշխատանքի ձախողում, ընդդիմության զրկում խորհրդարանի ղեկավար կազմում և մշտական հանձնաժողովներում հասանելիք պաշտոններից, այդ պաշտոնների յուրացում… Այս թվարկումը կարելի է շարունակել, բայց առանց այդ էլ պարզ է. ԱԺ կանոնակարգը, որն, ի դեպ, սահմանադրական օրենք է, ՔՊ-ականները վերաձևում են ինչպես կամենան։ Եվ ՍԴ-ն, որը ՔՊ-ականները «քանդեցին ու նորից հավաքեցին» սեփական պատկերով ու նմանությամբ, իրենց օգնական։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես վերջերս պաշտպանության հանձնաժողովի ղեկավար և համատեղության կարգով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի «պետ» Անդրանիկ Քոչարյանը, խոսելով հանձնաժողովի հրավերն անտեսող պաշտոնաթող գեներալների և նախկին պաշտոնյաների մասին, լրագրողներին համոզում էր սպասել, իբր՝ այդ մարդիկ անպայման կգան, շատ խելոք էլ կգան։ Ասաց ու արեց. իր տեղակալի՝ (պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ՔՊ-ականները խլեցին ընդդիմությունից) Արմեն Խաչատրյանի, Գուրգեն Մելքոնյանի, Վահագն Ալեքսանյանի և Հայկ Սարգսյանի հետ շրջանառության մեջ մտցրեց ԱԺ կանոնակարգի և ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ ԱԺ կանոնակարգի լրացումների և փոփոխությունների նախագծով դրա հեղինակները մտադիր են պարտադրել խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալ բոլորին, ում հրավիրում է իր նիստերին ԱԺ հանձնաժողովը «ցուցմունքներ տալու համար», և տրամադրել հանձնաժողովի անդամներին հետաքրքրող ողջ տեղեկատվությունը։ Չներկայանալու և հանձնաժողովի պահանջով գրավոր տեղեկատվություն տալուց հրաժարվելու դեպքում «հետաքննվողները» պարտավոր են ներկայացնել իրենց պահվածքի հարգելի պատճառներ և հիմնավորումներ։

Անդրանիկ Քոչարյանն ու ընկերախումբը նույնիսկ մտահղացել են, որ մարդկանց հանձնաժողով կանչեն ծանուցագրովինչպես ընդունված է՝ պատվիրված նամակով, այն ստանալու մասին ստորագրությամբ, կամ էլ ոստիկանության միջոցով։ Ոչ միայն նիստի անցկացման տեղի ու ժամի նշումով, այլև խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության մասին նախազգուշացումով։ Վերջինն ընդհանրապես մտքի թռիչք է. անհարգելի պատճառով երկու անգամ բացակայելը Քր.օր.-ի հոդված է, «ապօրինի հրաժարում տեղեկատվության տրամադրումից»։ Թե ինչպես են Քոչարյանն ու ընկերախումբը տարբերակելու՝ օրինական է, թե ոչ տեղեկատվություն չտրամադրելը, հայտնի է միայն իրենց։ Կարելի է ենթադրել՝ ելնելով բացառապես նեղ քաղաքական նպատակահարմարությունի՞ց։ Ի վերջո, գուցե «հետաքննվողը» հիշողության կորուստ ունի կամ էլի ինչ-որ բան։

ՀՀ Քր.օր.-ի լրացումներ ներառող օրենսդրական փոփոխությունները ենթադրում են քրեական պատասխանատվության բավական լայն շերտ.200-500 հազար դրամ տուգանքից մինչև ուղղիչ աշխատանքներ և նույնիսկ ազատազրկում 1-2 ամսից մինչև 2 տարի։

ԲԱՅՑ ԱՐՏԱՌՈՑՆ ԱՅԼ ԲԱՆ Է. ԱՅՆ, ՈՐ ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՊԱՆԾԱԼԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆՈՒՄ» իրենց օրինաստեղծ մտքի թռիչքները հիմնավորում են, ի՞նչ եք կարծում, ինչով։ Ոչ մի դեպքում չեք գուշակի։ «Քննիչ հանձնաժողովի հեղինակության բարձրացմամբ»։ Պարզվում է, այդ կերպ՝ ծանուցումով և քրեական հետապնդման սպառնալիքով կարելի է բարձրացնել քննիչ հանձնաժողովի հեղինակությունը։ Ինչպիսի՜ այլասերված պատկերացում պետք է ունենալ հեղինակության մասին։ Տարօրինակ է, որ օրենսդիր իշխանությամբ օժտված հասուն քեռիները չգիտեն պարզ ճշմարտությունը. վստահությունը, հարգանքը, հեղինակությունը պետք է նվաճել, դրանք մահակով չես կորզի։ Կվախենան, բայց չեն սկսի հարգել։ Եթե ժողովրդավարական կոչվելու հավակնող երկրի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հեղինակության բարձրացմանը նպաստում է քրեական հոդվածը, ապա այստեղ, թերևս, պետք է հոգեբուժական բրիգադ կանչել։ Համաձայնեք, դժվար թե քրեական հոդվածի տակ ընկնելու վախը, քրեական պատժի վախը կարողանա բարձրացնել խորհրդարանական երկրի ներկայացուցչական մարմնի հեղինակությունն ու հարգանքը նրա հանդեպ։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում վերջին 2-3 տարվա ընթացքում, դրա վառ հաստատումն է։

Արդյոք իշխանությանը շա՞տ հարգանք ու հեղինակություն բերեց վիրավորանքը քրեականացնելու հոդվածը երկու տարի առաջ (իսկ մեկ տարի անց եվրոպացիների խորհրդով հոդվածը չեղարկեցին)։ Իշխանությանը, որն իբր առաջնորդվում էր «իր» ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ և հանկարծ անհրաժեշտություն էր տեսել այն բանում, որ քաղաքական մեծամասնությունը գործուն միջոցներ ձեռնարկի քաղաքական բառապաշարից բացառելու ատելության, բռնության խոսքը, ինչպեսև պահվածքի և խոսքի դրսևորումները, որոնք կասկածներ են առաջացնում վիրավորանքի ու արժանապատվության նսեմացման մեջ։ Նույնիսկ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ այն ժամանակ խորհուրդ էին տալիս չզայրացնել հասարակությանը, նշելով. եթե մարդիկ ուզենան, այնպես կնախշեն, որ իշխանությունը չի կարողանա նրանց որևէ հոդվածի տակ գցել։ Եվ ինչ, բարձրացա՞վ իշխանության հեղինակությունն ու հարգանքը նրա հանդեպ։ Գուցեև սկսեցին բացեիբաց ավելի քիչ հայհոյել իշխանավորներին, բայց դա բնավ չի նշանակում, թե սկսեցին ավելի քիչ մեղադրել ու մերկացնել և ավելի շատ վստահել ու հարգել։ Հասարակական կարծիքի պարբերաբար անցկացվող հարցումները դրա վառ հաստատումն են. իշխանության վարկանիշը (հեղինակությունը) ամսեամիս ձգտում է զրոյի։

Այդպիսի վերջին հարցումը, որ անցկացրել է GALLUP International Association-ը հունիսի 21-24-ին, վերաբերվում էր, բացի ամենից, նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովին։ Ավելի ճիշտ՝ այդ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթին։ Քաղաքացիներին հարց էր տրվում. հետևե՞լ եք վարչապետի ելույթին։ «62,7%-ը նշել է՝ այո։ 32,8%-ը նշել է, որ չի հետևել ելույթին։ Այն մարդկանց, ովքեր ասել են, որ հետևել են, հարցրել ենք, թե որքանո՞վ են վստահում Նիկոլ Փաշինյանի տված պատասխաններին։ 15,4%-ը պատասխանել է, որ լիովին վստահում է, 13%-ը՝ ավելի շուտ վստահում է, 10,7%-ը՝ ավելի շուտ չի վստահում, 56%-ը՝ ընդհանրապես չի վստահում, 4,9%-ը՝ դժվարանում է պատասխանել։ Մոտ 67%-ը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին»,- օրերս, ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, հաղորդեց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Համաձայնեք, և՛ քննիչ հանձնաժողովի, և՛ առհասարակ իշխանության, և՛ մասնավորապես դրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքը ակներևաբար ցուցադրող պատկերն առավել քան հստակ է։ Եվ ակնհայտ է, որ վստահության, հարգանքի ու հեղինակության մասին տվյալ դեպքում խոսք անգամ չկա։ Եվ Քրեական օրենսգիրքն այստեղ բացարձակապես կապ չունի