Վատիկանի պետքարտուղարը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը Վեհափառ հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորել է միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։

«Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը նշել է, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասված է հաորդագրությունում։

Կարդինալ ը նշել է, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։

Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին Հայաստանում հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նախ տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:

Նշենք, որ ավելի վաղ Պիետրո Պարոլինին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության:

Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը:

Sputnik Արմենիա