Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարեր կկառուցվեն

Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են. այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում:

Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։

Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։

Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:

«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20062023թկնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,– ասված է որոշման նախագծում։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:

News.am