Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՆԴԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԼՌԵՑԻՆ
Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Տագնապը, թե փոքր Ացախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ինչ-որ իմաստով տոքսիկ հանգստություն է տալիս մեծ Հայաստանին։ Իրականում Հայաստանը կանգնած է մեծ արհավիրքի առաջ, և միջազգային հանրությունը մեզ համար ոչինչ չի անելու, եթե մենք ընդունենք այս սցենարը։
Մեզնից հիմա պահանջվում է գրագետ պայքար ու պետություն պահելու որոշում։
Հաջողության պարտադիր պայմանը ինստիտուցիոնալ վերակենդանացումն է, ինստիտուցիոնալ պայքարը։
Այստեղ ունենք ծայրահեղ բարդ վիճակ, և արագ լուծումներ են պետք։ Եթե չկարողացանք վերականգնել և ստեղծել ինստիտուտներ, վերջը Դեր Զորի անօգնական վիճակն է լինելու։
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
Պետությունը
Նիկոլը, իր քաղաքական թիմը աղանդի վերածելուց հետո, աղանդի է վերածում պետական համակարգը։ Անձնական շահի տեսակետից՝ ճիշտ է, պետական շահի տեսակետից՝ սա պետության քանդումն է։ Աղանդի վերածված պետական համակարգը ունակ չէ գոյաբանական մարտահրավերներ կասեցնելու։
Ընդդիմություն
Խորհրդարանական համակարգում խորհրդարանական ընդդիմությունը չափազանց լուրջ ինստիտուտ է։ Եթե նույնիսկ ոչ մի օրենք չկարողանա անցկացնել, այն ունի բացառիկ հնարավորություն և առաքելություն՝ ապահովել հասարակության և արտաքին աշխարհի համար ինստիտուցիոնալ և բովանդակային (սոլիդ) այլընտրանք։ Այսօր հենց սա´ է տապալված։ Տապալված է նաև կոնսոլիդացնող առաքելությունը։ Կազմված լինելով հանդերձ զգալի թվով գրագետ ու պարկեշտ գործիչներից՝ ընդդիմությունը, սակայն, տապալել է ընդդիմության ինստիտուտը։ Այս պայմաններում այդ գործիչներից ոմանք հանդես են գալիս զուտ որպես մանդատ ունեցող բլոգերներ, քաղակտիվիստներ, փորձագետներ։ Ինստիտուտն ինքը չի գործում։
Հրատապ պետք է փոխել վիճակը։ Պետք է ելնել այն կետից, որ հարյուր հազարավոր ձայներով ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը ոչ մեկի սեփականությունը չէ, և պետության շահը պահանջում է ինստիտուտի ֆունկցիոնալ վերականգնում։ Անելիք ունեն պատգամավորները. պետք է խմբակցության ներսում սրեն հարցը։ Սա վիճակ չէ։ Բացարձակ անպատասխանատվություն է՝ Դեր Զորից հինգ րոպե առաջ ԱԺ-ում «կառուցողական» կերպով քննարկել կենցաղային հարցեր՝ այդպիսով նաև հարվածելով ԱԺ-ից դուրս հանրությանը պայքարի կոչ անող ուժերին։
Այս հարցը վաղը ծագելու է՝ ո՞վ և ի՞նչ նպատակով քանդեց խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ, ինչի՞ դիմաց, և ովքե՞ր լռեցին։