ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կկայանա 2023թ. նոյեմբերին Երևանում

ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանում, որն ընթանում էր Վանկուվերում, որոշվել է, որ վեհաժողովի աշնանային նստաշրջանը կայանալու է Երևանում ընթացիկ տարվա նոյեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հուլիսի 14-ին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

Հայաստանն, ըստ նրա, առաջին անգամ է ընդունելու ԵԱՀԿ ԽՎ հիմնական նստաշրջաններից մեկը, որը խոշոր տարածաշրջանային խորհրդարանական հարթակ է։

«Այն ունի 57 անդամ պետություն։ Սա նաև առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ ՀՀ խորհրդարանի պատգամավորը զբաղեցնում է պաշտոն ընտրովի մարմիններից մեկում»,- ասել է Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է նաև այն, որ այդ պաշտոնյաները միաժամանակ դառնում են բյուրոյի անդամներ, որն, իր հերթին, որոշումներ կայացնող հիմնական մարմինն է։

News.am