Ադրբեջանցի պատգամավորը ԿԽՄԿ-ին մեղադրել է մաքսանենգության մեջ
Ադրբեջանցի պատգամավոր Վուղար Իսկենդերովը խորհրդարանի ամբիոնից ԿԽՄԿ-ին մեղադրել է մաքսանենգության մեջ։
«ԿԽՄԿ Խանքենդիի (Ադրբեջանում այդպես են անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը) գրասենյակի գործողություններն անընդունելի են։ Նրանք դավադրության մեջ են հակամարտության մեղավորների հետ և զբաղվում են մաքսանենգությամբ»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ «այդ կազմակերպությունը մոռանում է այն մասին, որ գործում է Ադրբեջանի տարածքում»։ «Պաշտոնական Բաքուն նրանց առաջարկել է գնալ Խանքենդի Բաքվով։ Կազմակերպությունն անտեսում է այդ առաջարկները։ Հույս ունենք, որ այդ կազմակերպությունը խիստ միջոցներ կձեռնարկի իր աշխատակիցների նկատմամբ, որոնք հակաիրավական գործողություններ են կատարում։ Թող նրանք չմոռանան, որ օրինախախտներին անպայման պատժում են»,- հայտարարել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն իբր բեռան մեջ «մաքսանենգ» ապրանքներ հայտնաբերելու շինծու պատրվակով արգելել է ԿԽՄԿ մեքենաների երթևեկը Լաչինի միջանցքով, իսկ հիմա, որպես թեմայի շարունակություն, պահանջում է կազմակերպել փոխադրումներն Ադրբեջանի տարածքով, որտեղ, իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել հայ ուղևորների անվտանգությունը։
Վեճը չուռճացնելու նպատակով ԿԽՄԿ-ն շտապ համաձայնել է «մաքսանենգության փաստին» և տառացիորեն մեղադրել վարձու վարորդներին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ նրանք ԿԽՄԿ աշխատակիցներ չեն և նրանց հետ պայմանագրերն անհապաղ կխզվեն։
News.am