«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՂՍՐՏԱԾ ԵՆ ԱՐՑԱԽԻՑ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախում կազմակերպված համաժողովրդական ակցիան լուրջ դժգոհություն է առաջացրել իշխող ուժի մոտ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են, որ Արցախից սկսել են քննադատել ու պահանջատիրություն ներկայացնել Հայաստանի իշխանության նկատմամբ:

Առաջին անգամ հնչել է ոչ այնքան հասցեական, սակայն, այնուամենայնիվ, քննադատություն Արցախից Հայաստանի իշխանությունների հասցեին: Ընդդիմադիր ներկայացուցիչներն, իհարկե, դժգոհ են, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանը չի քննադատում Արցախի այսօրվա վիճակի համար, բայց, մյուս կողմից, իշխանությունն է նեղսրտած, որ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության վարչապետը քննադատում է իրենց՝ ուղիղ ասելով, որ Արցախը մնացել է միայնակ, թողել են Ադրբեջանի կազմում և այլն:

Մի խոսքով, այս փուլում, երբ Արցախը շնչահեղձ է լինում, փոխանակ ջանքեր գործադրվեն այս վիճակից դուրս գալու համար, դեռևս փորձ է արվում հարցը տեղափոխել ներքին գզվռտոցների դաշտ, մինչդեռ թշնամին միասնական ճակատով կռվում է հայկական երկու պետությունների դեմ»։

Aysor.am