Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում ամառվանից հետո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և էական։ Ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները` այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Խոսքի սկզբում Շառլ Միշելը նկատեց, որ այս հանդիպումը վերջինն էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտգործնախարարների մասնակցությամբ բարձր մակարդակի ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների շարքում, որը մեկնարկեց մայիսի սկզբից Բրյուսելում, շարունակվեց Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկու երկրների սահմանին:
«Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկով։ Ես գնահատում եմ երկու առաջնորդների` խաղաղ գործընթացին իրենց հաստատակամ նվիրվածությունը և կոչ եմ անում նրանց շարունակել քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին առաջընթաց ապահովելու նպատակով»,– նշեց Միշելը։
Օրակարգում քննարկվել է 6 հարց։ Առաջին կետով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը։
Երկրորդ կետով երկու կողմերն էլ վերահաստատել են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
«Ես ողջունեցի սահմանային երկու հանձնաժողովների` հուլիսի 12-ին կայացած նիստը։ Առաջընթաց է գրանցվել սկզբունքների և սահմանազատման հիմքերի վերաբերող քննարկումների ուղղությամբ»,– հայտնեց Միշելը։
Նա կարևոր համարեց, որ առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։
Երրորդ կետով անդրադարձ է արվել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։ Շառլ Միշելը նկատեց, որ նախորդող երկու ամիսների ընթացքում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում:
«Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կհամապատասխանեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքներին»,– շեշտեց Եվրոպական խորհրդի նախագահը։
Նա ընդգծեց երկաթուղային հաղորդակցության շինարարության անհապաղ մեկնարկի կարևորությունը` հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` որոշ մանրամասներ դեռ հստակեցման կարիք ունեն, բայց այս թեմայի վերաբերյալ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում։
Առանձին կետով քննարկվել է Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա շեշտեց` ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից։
Քննարկվել են նաև հնարավոր այն քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։
«Ես ընդգծել եմ դեպի Լաչին տանող ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար։ Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերսկսումը»,– ընդգծեց Միշելը։
Հինգերորդ կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովմանը։
«Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության հաստատումը»,– նշեց Շառլ Միշելը։
Քննարկվել են նաև ձերբակալվածների խնդիրները։ Ըստ Միշելի` առաջնորդները վերահաստատել են իրենց ջենտլմենական պայմանավորվածությունը` ազատ արձակել այն զինվորներին, որոնք ոչ դիտավորությամբ կանցնեն մյուս կողմ։
Անդրադարձ է արվել նաև անհետ կորածների ճակատագրին և ականազերծման գործում համագործակցության ընդլայնման կարևորությանը։
«Համաձայնություն է ձեռք բերվել, որ բանակցություններում առաջընթացը կախված է այն քայլերից, որոնք կարվեն առաջիկայում։ Բռնությունը, կտրուկ հռետորաբանությունը պետք է բացառվեն` համապատասխան մթնոլորտ ստեղծելով խաղաղության և կայունության համար»,– շեշտեց Եվրոպական խորհրդի նախագահը։
Միշելը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Բրյուսել` շարունակելու բանակցությունները ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրենադայում՝ եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Sputnik Արմենիա