Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում՝ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման ֆոնին։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Քաղաքագետը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արդեն երկար տարիներ անհույս է թվում: Եվ որևէ հանգուցալուծում գտնելու ցանկացած փորձ միայն կարճաժամկետ հետաքրքրություն է առաջացնում։

Մինչդեռ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի 11-ի հայտարարությունները, ըստ Մարկեդոնովի, արժանի են ուշադրության:

«Արմեն Գրիգորյանը ՀՀ իշխանության այն ներկայացուցիչն է, որն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Դա նշանակում է, որ նա ոչ միայն պարզապես տեղյակ է ինսայդներին, նա ինքն է ձևավորում դրանք: Երկրորդ՝ նա հրապարակային ակտիվ գործիչ է, ՀՀ իշխանության շատ մոտեցումներ հենց նա է հասցնում լայն հանրությանը»,-նշել է Մարկեդոնովը իր Telegram-ալիքում։

Քաղաքագետը ՀՀ ԱԽ քարտուղարի մտքերից ընդգծում է մի քանի առանցքայինները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը չի արդարացնում սպասելիքները, Ղարաբաղի հայերի խնդիրը ոչ թե տարածքների, այլ քաղաքացիական իրավունքների մասին է, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են, դրանք պետք է ամեն կերպ ամրապնդել և զարգացնել:

Մարկեդոնովի կարծիքով՝ «քաղաքական-դիվանագիտական դիզայնը», որը ներկայացնում է Գրիգորյանը, վկայում է այն մասին, որ Արևմուտքի միջնորդությամբ շրջանակային համաձայնագրի ստորագրումն ավելի մոտ է, քան նախկինում։

«Դա բովանդակային առումով հակամարտության կարգավորման մասին չէ, այլ այն «փաթեթավորման», որը Հայաստանի և Ադրբեջանի էլիտաները կկարողանան քիչ թե շատ հաջող «վաճառել» ներքին շուկայում։ Ռուսաստանի համար սա լավ լուր չէ։ Կարելի է իհարկե ամեն ինչում մեղադրել Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչներին, և նման քննադատական պաթոսը ինչ-որ տեղ արդարացված է։ Կարելի է ընդգծել (և արդարացիորեն) Ուկրաինայով Ռուսաստանի զբաղված լինելը։ Բայց հանուն օբյեկտիվության արժե հիշատակել նաև Կովկասի հետ մեր աշխատանքը «մնացորդային սկզբունքով» (ոչ թե 2022 թվականից, այլ շատ ավելի վաղ), և տեղեկատվական ոլորտում մեր բացթողումները (լռությունը այնտեղ, որտեղ պետք էր գոռալ)»,-նշել է Մարկեդոնովը։

Նա կարծում է, որ Հայաստանը, գերադասելով ԱՄՆ-ին, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա մխիթարանք չէ։

«Մյուս կողմից պետք չէ հիստերիաների մեջ ընկնել և գոռալ։ Բայց պետք է գիտակցել, որ Ռուսաստանը կորցնում է (և օրեցօր ավելի շատ) իր քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում»,-կարծում է փորձագետը։

Մարկեդոնովի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոդերացիայով շրջանակային համաձայնագիրը կուժեղացնի այդ միտումը։

Մրցակցությունը վատ բան չէ, մրցակցության մեջ կարելի է և պետք է հաղթել։ Բայց հիմա Մոսկվան, Մարկեդոնովի խոսքով, այդ մրցակցության մեջ ներգրավվում է հավասարների մեջ առաջինի ոչ պաշտոնական կարգավիճակը կորցնելով։

«Անդառնալի չէ, բայց տագնապի հիմքեր կան։ Չափազանց կարևոր է լուրջ աշխատել սխալների վրա։ Մինչդեռ ժամանակը չի սպասում»,-նշել է ռուս քաղաքագետը։

Sputnik Արմենիա