Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիասթափված է» ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «հիասթափված է» Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից։
«Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանի և պայմանավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն փաստի համատեքստում, որ Հայաստանի վարչապետը, որը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:
Նշվում է, որ այսօր հենց Ադրբեջանն է գործուն քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար:
Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը մինչ օրս չի կատարել այդ հայտարարության շրջանակում ստանձնած իր պարտավորությունների մեծ մասը և ռուսական կողմը չի ապահովել այդ փաստաթղթի ամբողջական կատարումը։ Չնայած Լաչինի ճանապարհի օգտագործման ժամանակ անօրինական գործունեության մասին Ադրբեջանի բազմիցս նախազգուշացումներին՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ գործողությունները կանխելու համար»,-ասվում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ:
News.am