ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՆԱՎԵՐՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ
Ներկայացնում ենք հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված ԵԽ հայտարարության մեզ համար առանցքային կետերը.
- Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդ ըմբռնման՝ Հայաստանի տարածքը կազմում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2»։
- Սահմանի սահմանազատում
«Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք»:
- Հաղորդակցություն
«Հաղորդակցության հետ կապված, վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են րանցվել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում: Մենք քննարկել ենք տրանսպորտային միջոցների հետագա մեխանիզմները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»:
- Հումանիտար մատակարարումներ
«Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործերի ներկա վիճակն ակնհայտորեն անկայուն է և չի ծառայում որևէ մեկի շահերին։ Քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն վերականգնել իրավիճակը:
Ես (Շառլ Միշել-խմբ.) շեշտել եմ Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական բեռներ հասցնելու համար։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ հումանիտար բեռների մատակարարումը երկու կողմերից՝ ապահովելու բնակչության կարիքների բավարարումը»:
- Իրավունքներ և անվտանգություն
«Տեղում գտնվող մարդիկ վստահության կարիք ունեն, առաջին հերթին, իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ:
Այդ կապակցությամբ ես (Շառլ Միշել-խմբ.) ԵՄ-ի անունից աջակցությունն եմ հայտնել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր ներգրավված կողմերի միջև այնքան անհրաժեշտ վստահության հաստատմանը»:
«Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն» կետի ներքո ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում: Այս հարցում, կարծում ենք, ոչ ոք այլ սպասելիքներ չուներ:
Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում Արցախում բողոքի ցույցերի, անհասցե հայտարարությունների, 3-րդ կողմերին օգնության կանչելու, մեղադրելու և իսկապես օրհասական իրավիճակի ֆոնին:
«Հաղորդակցություններ» կետը մեզ հանգեցնում է այն ենթադրությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մոտ է ինչպես առավել քան երբևէ:
«Հումանիտար մատակարարումներ»-ի մասին խոսելով` ԵԽ նախագահը ողջունել է Ադրբեջանի կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի տրամադրման պատրաստակամությունը: Եվ հայկական դե-ֆակտո կողմը, բնականաբար, ոչ մի փաստարկ չի ներկայացրել առ այն, որ այդ ճանապարհը իրականում չի կարող կիրառվել և դա պարզապես ուղի է դեպի բռնի ինտեգրացիա, իսկ հետագայում ցեղասպանություն արցախահայության համար:
Կրկին շեշտվել է իրավունքների և անվտանգության տխրահռչակ և չարչրկված թեզը: Այլ իրավիճակում գուցե զավեշտալի լիներ, բայց բարոյականության ամեն սահման և կարմիր գիծ հատվում է, երբ հիմա գետնի վրա ոտնահարվում են Արցախի հայության իրավունքները, մարդիկ սովամահ են լինում, հնարավորություն չունեն ստանալու բուժօգնություն, ապրելու բնականոն կյանքով, իսկ ինչ-որ տեղ դեռ քննարկվում են անվտանգության մասին թեզեր:
Եվ իհարկե հայտարարությունը կլիներ ոչ լիարժեք, եթե ևս մեկ անգամ չկիրառվեր քաղաքականապես տկար «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչներ» թեզը:
Ի՞նչ ունենք արդյունքում`
1․ Արցախի սուբյեկտայնության անկում
2․ Արցախի հայաթափման անխուսափելի սցենար
3․ Արցախի բլոկադայի և հումանիտար աղետի այդպես էլ չլուծված խնդիր
4․ ՀՀ վտանգված տարածքային ամբողջականություն, քանի որ զուգահեռաբար բարձրացվում է «Զանգեզուրի միջանցք»-ի և նախկին անկլավների հանձնման հարցը:
Այսքանից հետո կանե՞ն արդյոք Արցախի իշխանությունները հասցեական կոչեր. խիստ կասկածելի է:
Եվս մեկ ճշմարտություն արձանագրենք. ռուս խաղաղապահները և Կարմիր խաչը այստեղ առհասարակ մասնակցություն չունեն: