Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԻՆՏԵԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ 12 ԱՄԻՍ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը և նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ մեր զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործակցի չորս փուլ.

1 Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով,

2 ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում,

3 Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում և կազմալուծում,

4 Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։

Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ ներկայացնել:

Նա նաև հայտարարեց, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են այս ծրագրի մասին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ըստ իմ տեղեկությունների, Ադրբեջանի իշխանությունները այս ծրագիրը փոխանցել են ՀՀ իշխանություններին: Նաև տեղյակ եմ, որ ՀՀ իշխանություններն այս փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի Հանրապետության իշխանություններին:

Հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նման փաստաթուղթ չեն ստացել և ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն նման փաստաթղթի մասին»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ, Aravot.am