Հրեշավոր շրջափակում Է. ՀԱՕԿ-ը նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին նամակներ է ուղարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

 «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով` շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ եմ ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին»,–գրել է Ռոստոմյանը։

Նրա խոսքով` գրության բովադակության մեջ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը 215 օր է`գտնվում է շրջափակման մեջ և 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։

«120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։ 30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։ Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ։

Sputnik Արմենիա