Պուտին․ Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչությունն անիմաստ է, Ռուսաստանը կպատասխանի դրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջին առնչվող խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման կպատասխանի ահաբեկչությանը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ ՊՆ–ն համապատասխան առաջարկներ է պատրաստում։

Ինչ վերաբերում է բուն ահաբեկչությանը, ապա ՌԴ առաջնորդը որակել է որպես «դաժան և անիմաստ»։

«Սա անիմաստ հանցագործություն է, ռազմական տեսանկյունից որևէ նշանակություն չունեցող, քանի որ Ղրիմի կամուրջը վաղուց արդեն ռազմական փոխադրումների համար չի օգտագործվում։ Իսկ դաժան, որովհետև տուժել ու զոհվել են անմեղ քաղաքացիական անձինք», – հայտարարել է Պուտինը։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը այսօր գիշերը ժամը 3-ին Ղրիմի կամրջի վրա վերջրյա երկու անօդաչուների օգնությամբ ահաբեկչական գործողություն է իրականացրել։ Վնասվել է կամրջի ավտոճանապարհային հատվածը, երկու մեծահասակ է զոհվել, մեկ երեխա տուժել է։ Ղրիմի և Կուբանի իշխանությունները խնդրում են բնակիչներին և զբոսաշրջիկներին չերթևեկել կամրջով, այլընտրանքային երթուղիներ ընտրել։ ՌԴ ՔԿ–ն քրեական գործի շրջանակում պարզում է ահաբեկչությանն առնչություն ունեցող անձանց։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի գրոհն իրականացրել է կիևյան ռեժիմը, որոշումը ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մասնակցությամբ կայացվել է Ուկրաինայի պաշտոնական այրերի և զինվորականների կողմից։

Sputnik Արմենիա