Գարեգին Բ-ն բարձր է գնահատել դժվարին իրավիճակում ՀՀ-ին Վրաստանի ցուցաբերած զորակցությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Վեհափառ հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գարեգին 2–րդը կարևորել է երկու երկրների միջև փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը:

Իր խոսքում Զազա Վաշակմաձեն խոսել է վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցության մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, հայոց և վրաց եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցերին։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը։

Sputnik Արմենիա