ԶԼՄ-ներ․ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ 700 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՊԱՀԱՆՋԵՆ

Ադրբեջանից կարող են 700 մլն դոլար պահանջել։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ շոտլանդական լրատվամիջոցներին հղումով։

«ԵՄ երկրները պատրաստվում են դուրս գալ Էներգետիկ խարտիայի պայմանագրից, որը խոչընդոտում է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին և թույլ է տալիս նավթագազային ընկերություններին հատուկ դատարանում կառավարությունների դեմ հայցեր ներկայացնել: Հիշեցնենք, որ Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը (կամ, ինչպես կոչվում է «Եվրոպական էներգետիկ խարտիա»), որին միացել են 50 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ընդունվել է 1994 թվականին և պաշտպանում է հետխորհրդային տարածքում գործող արևմտյան նավթային ընկերությունների շահերը։ Այս համաձայնագիրը նախատեսում է նաև հատուկ դատարանի ստեղծում՝ համաձայնագրին միացած պետություններից ցանկացածի ազգային իրավասությունից դուրս: Այսինքն՝ եթե արևմտյան ընկերությանը դուր չի գալիս այն երկրի կառավարության էներգետիկ քաղաքականությունը, որտեղ այն գործում է, ապա այդ ընկերությունը կարող է դատական ​​հայց ներկայացնել նրա դեմ, փոխհատուցում պահանջել կամ նույնիսկ պնդել, որ փոխվի կառավարության քաղաքականությունը։

Շոտլանդական The Scotsman հրատարակության համաձայն՝ Էներգետիկ խարտիայի պայմանագիրը կարող է թույլ տալ էներգետիկ ընկերություններին ստանալ մինչև 10 տրիլիոն (!!) դոլար փոխհատուցում այն ​​երկրներից, որտեղ նրանք գործում են: Հարցն այն է, որ եվրոպական երկրները, կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում, այժմ փորձում են սահմանափակել նավթի, գազի և ածխի արտադրությունը կամ առաջնահերթություն տալ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը։

Շոտլանդական հրատարակության տվյալներով՝ երկու հանքարդյունաբերական ընկերություններ 1,4 միլիարդ դոլարի հայց են ներկայացրել Նիդեռլանդների կառավարության դեմ՝ քարածխից աստիճանաբար հրաժարվելու որոշման պատճառով:

Ըստ The Scotsman-ի՝ ավելի քան 700 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջվում նաև Ադրբեջանի կառավարությունից՝ նավթի և գազի արդյունահանման ենթադրյալ արգելափակման համար։

Haqqin.az-ին չի հաջողվել պարզել, թե որ ընկերությունն է Ադրբեջանի դեմ 700 մլն դոլարի հայց ներկայացրել»,- գրում է աղբյուրը։

News.am