ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ առաքելությունը ներդրում կունենար ՀՀ սահմանին իրավիճակի կայունացման գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կնպաստեր իրավիճակի կայունացմանը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ։ Միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության ծավալումը Հայաստանում նշանակալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ։

Ապրիլի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:

Sputnik Արմենիա