ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԿ-ՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ»

Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ հրապարակելով հայտարարությունը.

«Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:

Արցախի 120.000 բնակչության համար կենսականորեն կարևոր, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է Արցախում հանքարդյունաբերության ռիսկերի մասին հայտարարած ադրբեջանցի «բնապահպանների» գործողություններով։ Լաչինի միջանցքում տեղակայված «բնապահպաններին» փոխարինել են Ադրբեջանի զինված ուժերը, որոնք քաղաքական պահանջներ են ներկայացնում բռնի մեթոդներով։

2023թ. հունիսին Ադրբեջանի՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական գործակալությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից Էսպոո (Espoo) կոնվենցիայի խախտման մասին՝ կապված Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման հետ։

Հայտարարության հիմնավորման մեջ խեղաթյուրվում են փաստեր, որոնք իբր վկայում են կոնվենցիայի դրույթների խախտման մասին։ Մետալուրգիական ձեռնարկության արտադրողականությունը կազմում է տարեկան 100 հազար տոննա՝ 10 անգամ պակաս, քան տարեկան 1 միլիոն տոննա արտադրության նվազագույն ծավալը, որը կարող է դիտարկվել կոնվենցիայի պահանջների շրջանակներում:

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա Հայաստանը հավատարիմ է բաց կառավարման սկզբունքներին (OGP) և Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական կայքերում, որտեղ նշված են արտադրության հիմնական տեխնիկական չափորոշիչները և տրված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Երասխի գործարանի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակված են նաև հանրային բաց հարթակում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը: Սակայն, ինչպես Լաչինի դեպքում, ադրբեջանցի «բնապահպաններին» փոխարինել են զինվորականները, որոնք կրակել են Երասխի գործարանի շինհրապարակի վրա, ինչի հետևանքով երկու բանվոր ծանր վիրավորվել են։

2023թ. հուլիսին ադրբեջանցի «բնապահպանները» բաց նամակ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահագործման պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական կայունության խախտման մասին։ Նշենք, որ ցանկում թվարկված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Նամակն ընդհանուր առմամբ իրական և կեղծ փաստերի խառնուրդի օրինակ է:

Հայաստանում հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարելի է ստանալ www.eiti.am կայքից, որը Հայաստանի՝ միջազգային Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/Extractive Industry Transparency Initiative) անդամի կարգավիճակ ունեցող երկրի պաշտոնական կայքն է:

Հանքարդյունաբերության ոլորտն ամբողջ աշխարհում է խնդրահարույց: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գիտակցելով կլիմայի փոփոխության և կայուն զարգացման գլոբալ ռիսկերը, գործադրում ենք բոլոր ջանքերը՝ նվազեցնելու դրանք, բարձրաձայում ենք կոնկրետ խնդիրների մասին և բանակցում կառավարության և բիզնեսի հետ ԱՃԹՆ-ի շրջանակներում: Ինչպես նաև առանձին հարցերի շուրջ ուղղակի ձևաչափով փորձում ենք հասնել օրենսդրական փոփոխությունների՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը և սոցիալական ու բնապահպանական իրավունքների պաշտպանությանը:

Կարծում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության գիտակից ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն կլիմայական սպառնալիքներին, Կասպից ծովի ավազանի շարունակական աղտոտմանն ու արդյունաբերական թափոնների աղտոտումից տուժած տեղի բնակչության իրավունքների ոտնահարմանը, և ձգտեն բարելավել սոցիալական և բնապահպանական իրավիճակը, նվազեցնել կլիմայական ռիսկերը և բարելավել տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հայտնվել են իրավապահ մարմինների և ընդհանուր առմամբ պետության կողմից ֆիզիկական անվտանգության սպառնալիքների ներքո:

Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության խնդիրների մասին է, որը երկրի և նրա անմիջական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրն է։ Ի գիտություն ադրբեջանցի «բնապահպանների»՝ նշենք, որ 2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան» (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող նավթի և գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով: Նավթի երկարատև արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի և բնական լանդշաֆտի (TACIS 2009) լուրջ մարդածին փոփոխություններ: Ապշերոնի թերակղզում ամենաթունավոր տարրերն են B, Al, Pb, U, Se, Fe, C, Na և Mg: (https://tehranconvention.org/system/files/tcis/caspian_soe_2011_rus.pdf

Այսպիսով, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի և հենց Ադրբեջանի համար։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով՝ ընդգրկելով Բորժոմի ազգային պարկի մի մասը, որը հարուստ է Վրաստանի հիմնական արտահանող ապրանքներից «Բորժոմի» հանքային ջրի աղբյուրներով, միջազգային նշանակություն ունի առողջապահական և սպորտային զբոսաշրջության տեսանկյունից: Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի տարի դեմ են արտահայտվել հատուկ պահպանվող տարածքով նավթամուղի անցկացմանը՝ մատնանշելով հնարավոր արտահոսքի և վթարների ռիսկերը հատկապես հանքային ջրերի աղբյուրների համար։ Նրանք պահանջում էին փոխել նախագծի երթուղին։ Սակայն ներդրողները և Ադրբեջանի կառավարությունը չհամաձայնեցին բարձրացնել ծրագրի արժեքը, և այն իրականացվեց լրացուցիչ պայմաններով։ Հաշվի առնելով «կանաչ» էներգետիկ անցման անհրաժեշտությունը՝ պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի գործունեության, կատարված և չկատարված պարտավորությունների, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների և շրջակա միջավայրին հասցված վնասների միջազգային աուդիտ:

Նեֆթչալիի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի և բրոմի գործարանի թափոններն են: Բնակիչներն ուղարկել են մամուլին։ Միլ-Մուգանի ոռոգման ջրանցքի լուսանկարը՝ շագանակագույն պարունակությամբ։ Մամուլն անդրադարձել էր ահազանգին՝ պատրաստված հոդվածում նշելով, թե բողոքները չեն համապատասխանում իրականությանը, և հղում անելով միայն ձեռնարկության աշխատակիցներին։

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը: Այն նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչները մտահոգված են իրենց արոտավայրերին և ջրերին սպառնացող վտանգներից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ:

ՀՀ վարչապետնի ուղղված հայտարարության տակ ստորագրած ադրբեջանական կազմակերպություններից որևէ մեկը չի գործել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։

Նշենք, որ 2017թ. դադարեցվել էր Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) այս նախաձեռնության սկզբունքների խախտման, քաղաքացիական հասարակության նկատմամբ երկրի կառավարության մշտական ճնշման և կոշտ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ քաղաքական ընդդիմախոսների և լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով։ Այն հասարակական ակտիվիստները, ովքեր հանդես էին գալիս Ադրբեջանում հանքարդյունաբերության ոլորտի բաց և հաշվետվողական լինելու օգտին, կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ ստիպված եղան լքել երկիրը քաղաքական հետապնդումների պատճառով:

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականության մասն են կազմում` կատարելով ավտորիտար պետական ռեժիմի պատվերը, միանալով Հայաստանի դեմ տարվող ռազմական, տեղեկատվական ագրեսիային և փորձելով ահաբեկել Հայաստանի բնակչությանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Ռոզա Ջուլհակյան, շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ

Սիլվա Այվազյան, շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ

Կարինե Թասլակյան, կայուն զարգացման, կառավարման փորձագետ»։

Panorama.am