ԱՐՑԱԽ. ՆԻԿՈԼԻ «ԱԼՄԱԹԻ-ԱԼՄԱԹԻՆ» ԲԱՔՎՈՒՄ ԵՐԳԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»: Իր հերթին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ասել էր, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։ Սրանցից որն է առավել հեռու ճշմարտությունից։
Ցապար ցեղերի խաշնարածի խոսափողը ծավալուն հոդված է հրապարակել, որում ասվում է, որ «խաղաղության բանակցություններում տարաձայնությունների հիմնական կետերից մեկը վերաբերում է աշխարհագրական քարտեզներին, որոնց համաձայն պետք է սահմանազատել սահմանը»։ Հոդվածում նշվում է, թե 1975 թ․ քարտեզները, ինչպես նաև 1991-ի Ալմաթիի հռչակագիրը, որոնց հղում է անում Փաշինյանը, չեն կարող սահմանազատման հիմք լինել։
Խոսափողը նշում է, թե իբր խորհրդային տարբեր տարիների ազերբայդժանից տարածքներ են փոխանցվել Հայկական ՍՍՀ իրավասությանը։ Նշվում է, որ Ալիևը իր վերջնական որոշումը ներկայացրել է Բաքվում «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ունեցած ելույթում, ըստ որի՝ սահմանները գծելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատմությունը և օգտագործել Հարավային Կովկասի խորհրդայնացման ժամանակաշրջանին վերաբերող բոլոր քարտեզները։
«Կա 1918 թվականի քարտեզ, որի վրա Իրավանը եղել է ազերբայդժանի կազմում։ Կա 1920 թվականի նոյեմբերի քարտեզ, որի վրա Զանգեզուրն այն ժամանակ եղել է ազերբայդժանի անբաժանելի մասը։ Բացի այդ, այն ժամանակ իրանա-հայկական ներկայիս սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ապրում էին ազերբայդժանեցներ, և այդ հողերը հայ ժողովրդի հետ կապ չունեին։ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային կառավարությունը որոշում է կայացրել Զանգեզուրը փոխանցել Հայաստանին։ Սակայն երբ այս տարածքը փոխանցվեց Հայաստանին, դրա լայնությունը այսօրվա 42 կիլոմետրը չէր, ավելի նեղ էր։ Բայց հայերը խորամանկությամբ ընդլայնեցին այն մինչև 42 կիլոմետր, և այսօր Իրանի հետ սահմանն անցնում է այնտեղ։ Այսպիսով, մեր դիրքորոշումն այն է, որ մենք օգտագործում ենք բոլոր քարտեզները 1918 թվականից և նույնիսկ ավելի վաղ, մինչև Խորհրդային Միության փլուզման քարտեզները: Սա, իհարկե, կդառնա մեր աշխատանքային խմբերի բանակցությունների անբաժանելի մասը», Ալիևին մեջբերում է խոսափողը։
Նշելով, որ «հայկական կողմը մտավախություն ունի, որ կարող են կորցնել այն հողերը, որոնք տարբեր հնարքներով կամ Մոսկվայի ցուցումների հիման վրա ընդունված անօրինական որոշումներով իրականում զավթվել են իր կողմից խորհրդային տարիներին», Ալիևի խոսափողը եզրակացնում է, որ սահմանազատման գործընթացը լինելու է երկարատև ու բարդ։ Ալմաթին որևէ քարտեզային, աշխարհսգրական բովանդակություն չունի, տրտնջում է աղբյուրը։
Խոսափողն այսպիսով մեկնաբանում է բրյուսելյան խառնաժողովի ընթացքը։ Արի Արցախից բացի քեզ տամ եղած Հայաստանի կեսն էլ, այլապես եթե ինձ վաղը գցեն, ամեն ինչի փոխարեն առհասարակ ոչինչ չես ստանա, դեռ մի բան էլ մեր եղբայր Թուրքիան կկորցնի․ դատելով Բաքվի կիսապաշտոն խոսափողի մեկնություններից, մոտավորապես սա է փորձում ներշնչել Նիկոլը Ալիևին։ Այսպիսով, դրությունը բազմերանգ է դառնում։
Ինչու է Փաշինյանը կառչել 1991-ի հռչակագրից, և ինչ մարտավարություն է որդեգրել Բաքուն։ Այս հարցով դիմեցինք քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանին․
«Հարվածելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, Բաքուն ուզում է բարելավել «բանակցային» դիրքերը, քաջ գիտակցելով, որ մոսկովյան հովանավորյալ Փաշինյանը երբեք չի դիմելու 1919-1921 թվականների միջազգային-իրավական բազային Արցախի հայկական տիտղոսը հիմնավորելու նպատակով։ Բաքուն խփում է Ալմաթիին, բայց Փաշինյանը Ալմաթիի առանց այդ էլ կաղ թղթից բացի ուրիշ հիմք չունի Արցախը ազերբայդժանին կցելու իր ուղեգծի վրա։ Ագահությունը, հայտնի ասացվածքի համաձայն, կարող է վատ ծառայություն մատուցել ապշերոնյան «ֆրայերին»։ Եթե իհարկե Փաշինյանը չսթափեցնի իր կրտսեր պարտնյորին՝ խաղս մի կոտրիր, Հեյդարիչ, լարախաղացի պես եմ քայլում, մարդիկ արթնանում են քնից, երկուսիս տիկն էլ կհանեն: Սա խնդիրների միայն երևացող մասն է, կա նաև Նախիջևանի միջազգային-իրավական քեյզը, որի մասին պարտնյորները առայժմ լռում են», ասել է Պավել Դալլաքյանը։
Հ․Գ․ Լուսանկարում Հայաստանի 1920 թ․ քարտեզն է, որը Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա (այն ժամանակվա ՄԱԿ-ը) և որը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից։ Նախիջևանը, Կարսի, Արարատ լեռան շրջանները, այլ տարածքներ Հայաստանի Հանրապետության մաս էին