«Հրապարակ»․ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ԱԴՐԵԱՍՅԱՆԻ ԳԾԱԾ ՍՑԵՆԱՐԸ

Դատավորների անկախ թևը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ, քանի որ դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց օրակարգը չհաստատվելու պատճառով:

«Հրապարակը» գրում է, որ դատավորները կարծում են, որ այսպես իրենց հաջողվել է տապալել Անդրեասյանի գծած սցենարը: Ընդհանուր ժողովի չկայանալու պատճառով ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չի ունեցել, մինչդեռ ժողովը դրա համար էր հրավիրվել։

«Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, և դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: Ժողովի ժամանակ էլ հնչել են համարձակ քննադատական ելույթներ։ Ի դեպ, դատավորների այդ թևին է միացել նաև ԲԴԽ անդամության թեկնածու Սուրեն Մնոյանը, որըհայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, բոլոր ատյանների դատավորներին հարկավոր էր ծանուցել»,– գրում է թերթը։

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` ժողովը վարող վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ առաջարկել է սպասել Դատական դեպարտամենտի պարզաբանմանը։

Հիշեցնենք, որ, Մնոյանից բացի, թեկնածուներ էին նաև Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը (որը, ըստ թերթի, Կարեն Անդրեասյանի թեկնածուն էր)։

Ակնկալվում է, որ դատավորների ընդհանուր ժողովի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին։

Sputnik Արմենիա