Հայաստանում նոր քաղաքական ուժ կստեղծվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաշվի առնելով, որ Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերները վերածվել են սպառնալիքների, մենք անհրաժեշտ ենք գտել ձևավորել այնպիսի մի ուժ, որը սեփական օրինակով ցույց կտա միասնականության ընթացքը մեր երկրում և դրանով հիմք կդնի այն աղճատվածության սպառմանը, որը վերջին ընտրություններից հետո ակնբախ երևում է մեզանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կամավորականների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորման նախաձեռնող խմբի անդամ Վարդան Խաչատրյանը:

 

Իր հերթին միավորման նախաձեռնող խմբի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենց համագումարը տեղի կունենա հուլիսի 25-ին:

«Մեր առաջին խնդիրն է լինելու անհրաժեշտության դեպքում մեր զինվորների հետ կողք կողքի պաշտպնելու մեր հայրենիքի սահմանները և ազատագրել բռնազավթված տարածքները: Մեր երկրորդ խնդիրն է լինելու մեր օրինակով նպաստել, որ առողջ, ազգային քաղաքական ուժերը միավորվեն, ձևավորեն պայմանականորեն մեկ միասնական համահայկական դաշինք: Մենք այցելելու ենք մարզեր, տեղերում բացելու ենք մասնաճյուղեր և մի գեղեցիկ օր համահայկական դաշինքի հետ կոչ ենք անելու ոտքի հանել ժողովրդին՝ անհնազանդություն հայտնելով այսօրվա իշխանությանը: Պարտադրելու ենք այս իշխանությանը հեռացում և այսօր գործող ԱԺ-ի լուծարում: Կարճ ժամանակի համար կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի արդար, օրինական արտահերթ ԱԺ ընտրություններ: Նոր ԱԺ-ն որևէ մեկին կընտրի երկրի վարչապետ:

Երբեմն հարց են տալիս, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Ոչ նա, ոչ նա, ոչ էլ նա, հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի հայրենասեր, ավելի կրթված, և ավելի կազմակերպված, քան Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց Բազեյանը:

News.am