Աշխատանքից ազատվել է Ուկրաինայի դեսպանը, ով Բեն Ուոլեսի մասին Զելենսկու խոսքերը անվանել է «անառողջ սարկազմ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյին, ով ավելի վաղ քննադատել էր նրան՝ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի մասին խոսքերի և ուկրաինացիներին ավելի շատ երախտագիտություն հայտնելու նրա խնդրանքի համար:

Հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, պաշտոնանկության պատճառները նշված չեն:

Անցյալ շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բեն Ուոլեսն Ուկրաինային կոչ է արել շնորհակալություն հայտնել գործընկերներին ռազմական աջակցության համար, այլ ոչ թե անընդհատ նոր պահանջներ դնել նոր զինատեսակների համար։

Ուոլեսը պատմել է, որ երբ անցյալ տարի ժամանել է Ուկրաինա, իրեն անմիջապես տրամադրել են անհրաժեշտ զենքի ցուցակը։ «Գիտեք, մենք Amazon չենք»,-ասել է նա։

Պրիստայկոն ասել է, որ Զելենսկին մի փոքր սարկազմով է պատասխանել, երբ ասել է, որ ամեն առավոտ կարթնանա և կզանգի Բեն Ուոլեսին՝ շնորհակալություն հայտնելու նրան։ «Չեմ կարծում, որ այդ սարկազմն առողջ է»,-ասել է դեսպանը։

News.am