Արշակյանն ու Վորոբյովն անդրադարձել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել են Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Նշվում է, որ խորհրդարանների փոխխոսնակները Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում նախագահել են ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-ռուսական միջպետական համագործակցությունն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական սպառնալիքի առջև»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն իր հերթին կարևորել է սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:

Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը, Հակոբ Արշակյանի առաջարկով, կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր նաև հանդիպել է Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզևի և Իրկուտսկի հայ համայնքի հետ:

Sputnik Արմենիա