Միրզոյան․ Հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ հայ հասարակությունը հիասթափված է ռուսական կողմի արձագանքներից Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների ֆոնին: Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին, մանրամասները փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լրագրողին հետաքրքրել է, թե վերջին իրադարձությունների ֆոնին որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։

«Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելիին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,–ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտին` Միրզոյանը նշել է, որ երկու երկրները չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

«Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է»,–ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով արդեն յոթ ամիս արգելափակված Լաչինի միջանցքի խնդրին` Միրզոյանը շեշտել է, որ դա կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։

«Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,– նշել է նա:

Ի պատասխան հարցի` արդյոք ելք տեսնում են նման իրավիճակում, Միրզոյանը շեշտել է, որ հումանիտար իրավիճակը շատ ծանր է և մոտ է հումանիտար աղետին, ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։

Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական և հումանիտար: Նախևառաջ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար, ապա շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։

Հարցին, թե որն է տևական խաղաղության նախապայմանը, Միրզոյանը հայտարարել է, որ կարևոր է խուսափել թշնամությունից ու ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց:

«Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը»,–ասել է նա։

Sputnik Արմենիա