Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԵԹԵ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՐԱԳՐՎԻ՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԱՐՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

 

Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։

«Այն թեզը, խոսակցությունները, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է: Փաստաթուղթը ստորագրելուց հետո, այն պահին, որ այդ երկխոսությունը կսկսի, համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ և հարցը փակված է» - կարծում է նա։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այն, ինչ որ այս պահին Փաշինյանը անում է, թվում է, թե ամենահեշտ լուծումն է. «Բայց տալը նույնիսկ հեշտ չի, այն, ինչ Փաշինյանը անում է, անիրատեսական է, բացի նրանից, որ անհասկանալի և անընդունելի է, դա նաև անիրատեսական է. ինքը ուզում է տալ մի բան, որը իրենը չի, նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներով պատկանել է Արցախի ժողովրդին, այնտեղ հայեր են ապրել, ինքը ուզում է տալ մի տարածք, որը երբեք անկախ Ադբեջանի կազմում չի եղել, չկա: Ինքը ուզում է տալ մի տարածք, երբ սովետական շրջանում ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, ինքը ուզում է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիների ընթացքում եղել է անկախ քաղաքական միավոր, ուզում է տալ այդ տարածքը հենց այնպես, որ լուծարվի իր ժողովրդով»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ այսօր աշխարհում որևէ ժողովուրդ չի հրաժարվում իր ինքնորոշման իրավունքից, հայերն առաջինն են. «Ավելին ասեմ, այսօր 120-ից ավելի ինքնավար միավորներ կան աշխարհում 50-ից ավելի երկրների կազմում; Ահավասիկ, սրա համար է, որ ես ասում եմ՝ այն ինչ անում է Փաշինյանը, անիրատեսական է»:

News.am