ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ SEVAN STARTUP SUMMIT 2023-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ
Արդշինբանկը Sevan Startup Summit 2023 վրանային բիզնես ֆորումի կողքին կլինի հուլիսի 23-ից 29-ը, որը ձեռներեցներին, ներդրողներին և սկսնակ գործարարներին կմիավորի մեկ վայրում` Սևանի ափին։
Ֆորումի անցկացման հիմնական նպատակն է տարածաշրջանում ստեղծել արդյունավետ բիզնես միջավայր, աջակցել տեղական ստարտափների զարգացմանը և էկոհամակարգի մասնակիցների միջև կայուն համագործակցություն հաստատել: Ֆորումը վրանային ճամբարի ձևաչափով է և նախատեսում է մրցանակային ֆոնդ, կրթական ծրագրեր, զրույցներ, պանելային քննարկումներ: Ավանդաբար ֆորումին կմասնակցեն անկախ ներդրողներ և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
«Մեզ համար սա հնարավորություն է ծանոթանալու նոր գաղափարների, բիզնեսի նոր ուղղությունների և, ինչու չէ, նոր հաճախորդների հետ, ինչպես նաև խոսել Արդշինբանկի ներդրումային հնարավորությունների ու նորարարական թվային լուծումների մասին, ոչ ֆորմալ շփվելու մեր հայաստանյան սկսնակ ընկերությունների, ձեռներեցների, ոլորտի առաջատարների հետ», - նշեց Արդշինբանկի Փոքր ու միջին բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը:
Նրա հետ համաձայն է Արդշինբանկի Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը: «Մենք հիանալի հասկանում ենք միջոցառման նպատակներն ու խնդիրները և պատրաստ ենք աջակցել: Նախատեսում ենք Camp Fire Talk-ում ոչ պաշտոնական զրույց ունենալ խարույկի շուրջ, մասնակցել պանելային քննարկումներին, հանդես գալ որպես մենթոր, ժյուրիի անդամ: Արդշինբանկը միջոցառմանը կլինի բանկի գործունեության տարբեր ոլորտների մասնագետներով և տաղավարով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը հնարավորություններ ունի իր բիզնես միջավայրը ներկայացնելու միջազգային հանրությանը որպես գրավիչ նորարարական տարածք տարածաշրջանում։ Շատ կարևոր է, որ նման հարթակները երիտասարդներին հնարավորություն տան ներկայացնելու իրենց նորարարական գաղափարները և փորձագետներից կառուցողական խորհուրդներ ստանալու դրանց հետագա առաջխաղացման վերաբերյալ»,- ընդգծեց Հ. Իսպիրյանը:
Նշենք, որ Sevan Startup Summit-ն անցկացվում է 2016 թվականից։ Կարճատև դադարից հետո այս տարի միջոցառմանը մասնակցելու է շուրջ 110 ստարտափ՝ ԷյԱր-ՎիԱր/խելացի քաղաք, ֆինանսական, կրթական, ժամանցային, առողջապահական և այլ ոլորտներից, ինչպես նաև կանխատեսվում է 10 000 մասնակից և այցելու միջոցառման ընթացքում: Նախորդ Sevan Startup Summit ֆորումի ընթացքում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել էին 1 մլն դոլարը։
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: