Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 13 բուժառու է տեղափոխվել Արցախից Հայաստան

Այսօր՝ հուլիսի 22-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու, ուղեկցողների հետ միասին,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի քան 200 բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

«Չնայած իրականացված ջանքերին, Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը»,–նշում են նախարարությունից:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Sputnik Արմենիա