Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար Ադրբեջանի իրավասության ներքո Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխիքները կարող են միանգամայն նորմալ հնչել։ Լիակատար շրջափակման յոթերորդ ամսվա և Արցախում վատթարացող մարդասիրական ճգնաժամի լույսի ներքո Ադրբեջանի տարածքով Ակնայի /Աղդամի/ ճանապարհն օգտագործելու առաջարկը կարող է հավասարապես դիտարկվել որպես տառապանքը մեղմելու արդար միջոց: Դա ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար է։

Դժվար թե կարելի է ենթադրել, որ Եվրամիության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյաներն այդպիսին են: Կարելի է նաև ենթադրել, որ այս դասակարգում` տեղեկացված պաշտոնյաների շարքերում գերակշռում է տարածաշրջանում ցանկացած գնով կայունության հասնելու հաշվարկը: Նման հաշվարկը սխալ է։ Տարածաշրջանում արժանահավատ և տևական կայունությունը պատրանքային է, եթե ենթադրվում է, որ դրան կարելի է հասնել տարածաշրջանային շահառուներից մեկի՝ Արցախի ժողովրդի հաշվին։ Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը:

Ադրբեջանն ի սկզբանե բավականին հստակ բարձրաձայնել է իր իրավասության ներքո հայերի ճակատագրի վերաբերյալ իր տեսակետների և մտադրությունների մասին՝ թե՛ խոսքով, թե՛ գործով: Ընդհանուր առմամբ, հայերի և մասնավորապես, արցախահայության դեմ ինստիտուցիոնալացված էթնիկ ատելությունը վաղուց արդեն վերածվել է գործիքի Բաքվի տոհմական բռնապետության ձեռքում։ Որպես «հարմար թշնամիներ»՝ հայերը հանդիսանում են ռեժիմի գոյատևմանը սպառնացող ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու օգտակար միջոց՝ այդպիսով արդարացնելով ներքաղաքական բռնաճնշումները և Ադրբեջանում արմատացած բռնապետական ավանդույթի չարաշահումները:

Ոգեշնչված 2020 թվականի հաղթանակով՝ Բաքուն համառորեն հերքում է Արցախի իրողությունը՝ որպես քաղաքական սուբյեկտի՝ ինքնակառավարման և սեփական բնակչության ժողովրդավարական ներկայացուցչության իրականացման կարողությամբ։ Նրանք փորձում են աշխարհին համոզել, որ պատմական, քաղաքական, իրավական առումով Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գոյություն չունի։ Նրանք արցախահայությանը «խրախուսում են» օգտվել իրենց բնակավայրերը լքելու միակողմանի տոմսից։ Նրանք հայտարարում են Արցախն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրերի մասին այնպիսի քանակներով, որոնց արդյունքում վերջիններիս թիվը զգալիորեն գերազանցելու է ներկայիս 120.000 հայ բնակչության թիվը։

Իրենց տեսակետն առավել հնչեղ դարձնելու համար վերջին երկուսուկես տարվա ընթացքում նրանք բացահայտորեն մարտահրավեր են նետում Ռուսաստանի վատ, թերի գործողություններին տեղում որպես մի կողմի, որը ստանձնել է Արցախի հայերի անվտանգության անմիջական պատասխանատվությունը: Նրանք հետևողականորեն ուժ են կիրառում Արցախի դեմ և խաթարում այնտեղ կյանքի բնականոն ընթացքը։ Անցած յոթ ամիսների ընթացքում այս քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Արցախի ամբողջական շրջափակմամբ և դրան հաջորդած մարդասիրական աղետով։ Բառացիորեն։ Ուժի և հարկադրանքի կիրառումը զուգորդված է վերաինտեգրման կամ տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ դեմագոգիայով: Արցախում մարդասիրական օգնության համար Աղդամի երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն: Դա բարոյապես նվաստացնում և նսեմացնում է մարդկային արժանապատվությունը, առավել ևս հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

Պարտադիր չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար սեփական ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային ոտնահարման ավանդույթ ունեցող վարչակարգի կողմից նման գործողությունների հետևանքներն Արցախի համար: Պարտադիր չէ, սակայն, կարելի է ձևացնել կամ որոշել չնկատել:

Տարածաշրջանը հայտնի է նրանով, որ հանդիսանում է համաշխարհային ուժերի մրցակցության դաշտ։ Ներկայումս դրանք ակտիվացել են։ Ուկրաինայում պատերազմը նպաստող գործոն է հանդիսանում։ Մրցակցությունը հիմնականում քաղաքական է։ Այդպիսին են նաև էներգետիկ անվտանգության և տրանսպորտային փոխկապակցվածության նկատառումները: Այնուամենայնիվ, ցանկացած գնով «կայունությունը» արդյո՞ք կաշխատի համաշխարհային մրցակիցներից որևէ մեկի համար:

Սա արտասովոր կամ եզակի դեպք չէ համաշխարհային մրցակցության պատմության մեջ: Օրինակ, 1975-ին և հետագա 30 տարիների ընթացքում, Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոն վարպետացել էր Արևելյան Թիմորի ժողովրդի հաշվին համաշխարհային մրցակցությունները շահարկելու արհեստի մեջ։ Իրապես, արևմտյան ժողովրդավարական ուժերը հիմնականում զբաղված էին Ինդոնեզիա խորհրդային և չինական ներթափանցման վտանգներով, հետևաբար հաստատակամորեն լիակատար անտարբերություն և արհամարհանք էին դրսևորում Արևելյան Թիմորին սպառնացող մշտական գոյութենական սպառնալիքների նկատմամբ: Ի վերջո, անխոնջ դիմադրության, հազարավոր մահերի, համախմբման և առաջնորդության արդյունքում կերտվեց ազատությունը: Թիմոր-Լեստեն անկախություն ձեռք բերեց՝ չնայած մարդու իրավունքներին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին աջակցության բացակայությանը։

Արդյո՞ք Արցախի ժողովուրդը պետք է նույն ուղին անցնի։ Արդյո՞ք պետք է լինի ծանր իրադրության, հուսալքության և պայքարի ևս մեկ 30 տարի։ Որքա՞ն պետք է սրվի նրանց առջև ծառացած գոյութենական սպառալիքը և որքա՞ն մահ է անհրաժեշտ արդարացնելու համար նրանց ազատության և արժանապատիվ կյանքի իրավունքը: Քանի որ Բաքվի ռեժիմի բացահայտորեն հայտարարված նպատակների, խնդիրների և մտադրությունների իրականացումը հանգեցնում է բռնի տեղահանումների և էթնիկ զտումների։ Մարդու իրավունքների այդ զանգվածային խախտումներն ինքնին անկայունության աղբյուր են։ Կարելի է այս սպառնալիքները չափազանցված համարել։ Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն չի կարողանում հակառակը համոզել։ Բռնության կիրառումը խիստ կանխատեսելի է, և բռնության դեմ դիմադրությունը չպետք է անակնկալ լինի: Մշտական անկայունության սերմերն ակնհայտ են: Նախազգուշացնող ազդակները՝ շատ։

Պատմությունն ապացուցել է, որ ոչ ոք չի կարող վստահորեն կանխատեսել անկայունության վերջնական արդյունքները։ Անկայունության սերմերի անտեսման մարդկային գինը քաղաքական և բարոյական հետևանք ունի ավելի լայն միջազգային խաղաղության համար: Համաշխարհային ուժային կենտրոնների յուրաքանչյուր տեղեկացված պաշտոնյայի համար Հարավային Կովկասում տևական տարածաշրջանային կայունության ապահովման ուղղությամբ ազգային շահերի հետապնդումը պահանջում է քայլեր ձեռնարկել շարունակական անկայունության վաղ նախազգուշացման նշանների դեմ:

Սկզբի համար Արցախում մարդասիրական աղետի պատճառները պետք է անմիջապես վերացվեն, Արցախում կյանքը պետք է վերադառնա բնականոն հուն։ Միամտություն կլինի ենթադրել, որ Ադրբեջանն այս առումով հակված է բարեխղճորեն գործել։ Ուստի դրան հասնելու համար անհրաժեշտ է միջազգային ճնշում։

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը գործողությունների ամենաարդյունավետ հարթակն է՝ ցույց տալու, որ Արցախին առնչվող հարցերում պարտադրանքը գործուն չէ։ Անվտանգության խորհուրդն ունի դրա համար անհրաժեշտ իրավական և քաղաքական լծակները։ Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը ներառում է տարածաշրջանում անմիջական շահեր ունեցող պետությունների: Իրենց միջև այլ հարցերում առկա խորը թշնամական հարաբերությունների ներքո Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորումը այն հույսի նշույլն է, ինչը մնացել է միջազգային խաղաղության համար իրենց ընդհանուր պատասխանատվությունից: Հայաստանը ևս ոչ մի կերպ չի կարող խուսափել այս սարսափելի իրավիճակից։ Ադրբեջանի հետ խաղաղության ձգտման ընթացիկ երկկողմ ուղին չի կարող կայուն լինել, եթե այն կտրված է Արցախի մարդասիրական ծանր վիճակից:

Երկրորդ, ՄԱԿ-ը հատուկ օժտված է համաշխարհային մարդասիրական իրավիճակները հասցեագրելու կարողությամբ: Սակայն մինչ այժմ այն հաջողությամբ սանձվել է Ադրբեջանի կեղծ հռետորաբանությամբ և ինքնիշխանության հաստ վարագույրով, որի հետևում թաքնվում է Բաքվի ռեժիմը: Ավելին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ Գլխավոր քարտուղարը հստակ մանդատ ունի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնք, նրա կարծիքով, կարող են սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը: Այն փաստը, որ Գլխավոր քարտուղարը մինչ այժմ չի նկատել, որ Արցախում մարդասիրական ճգնաժամը դասվում է նման հարցերի շարքին, ակնհայտ է դարձնում, որ ՄԱԿ-ը պետք է ներկայություն ունենա տեղում՝ նման եզրակացության հանգելու համար։ Գլխավոր քարտուղարը կարող է մանդատ հայցել Անվտանգության խորհրդից Ադրբեջանի դիմադրությունը հաղթահարելու համար, որպեսզի ՄԱԿ համակարգը հասանելի լինի տեղում, մեղմի տառապանքը, փաստեր արձանագրի և զեկուցի Անվտանգության խորհրդին։

Երրորդ, անխուսափելի առաջնահերթություն է բովանդակալից և միջազգային միջնորդության ներքո իրականացվող բանակցային գործընթացն Արցախի՝ որպես դե ֆակտո քաղաքական միավորի, և Ադրբեջանի միջև, որի օրակարգը ուղղակիորեն հասցեագրում և չի սահմանափակում Արցախի ժողովրդի ազատությունների և իրավունքների շրջանակը։ Միջազգային միջնորդությունն առաջնահերթ նշանակություն ունի կողմերի միջև կարգավիճակային անհավասարությունը փոխհատուցելու համար։ Առանց միջազգային միջնորդության այն դժվար կլինի որակել որպես բանակցություն, և ոչ այլ ինչ, քան Ադրբեջանի վերջնագրերը սեղանին դնելու վարժանք։ ՄԱԿ-ը լիազորված հատուկ բանագնացի միջոցով կարող է դիտարկվել որպես անաչառ միջազգային ներգրավվածության և համաշխարհային մրցակցությունների մեղմացման գործնական լուծում:

Գործողությունների նմանօրինակ նվազագույն համալիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընթացի հետ համատեղ, կարող է պայմաններ ստեղծել արժանահավատ և տևական տարածաշրջանային կայունության հաստատման և կեղծ խաղաղությունից խուսափելու համար։ Հուսանք, որ տարածաշրջանում համաշխարհային մրցակիցները կընկալեն անկայունության սերմանման ներկայիս գործընթացի անարդյունավետությունը և առավել մեծ վնասը։

Evnreport.com