ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԾՆՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԳՆԱՆ ԵՌԱԲԼՈՒՐ, ԵՎ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ

2 ամսից կլրանա 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին: Այս տարի նույն օրը զոհված հերոսների ծնողները դեռ լույսը չբացված կրկին կգնան պանթեոն և կրկին կփորձեն թույլ չտալ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին: Կարծում եմ, այս անգամ հասարակությունը և քաղաքական ուժերը նրանց մենակ չեն թողնի մորեգույն բերետավորների հետ դեմ առ դեմ... Խորհուրդ ենք տալիս ռեժիմի պարագլխին Անկախության օրն այս տարի նշել մայրաքաղաքից հեռու որևէ տեղ, օրինակ՝ Գյումրիում…

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված ավելի քան 20 ծնողների գործով քննությունը դե յուրե դեռ շարունակվում է, սակայն մեղադրանքներ չեն ներկայացվել նույնիսկ այն ոստիկաններին, որոնք ընդունել են իրենց մեղքը և ներողություն խնդրել ծնողներից: Ծնողները մի քանի աղմկահարույց ակցիաներ անցկացրեցին, այդ թվում՝ ՔԿ-ի շենքի առջև, սակայն Արգիշտի Քյարամյանը գործուն միջոցներ չձեռնարկեց՝ կապված բռնի գործողությունների համար մորեգույն բերետավորներին մեղադրանք առաջադրելու հետ, թեև ծնողներից ոմանք այդ գործողությունների արդյունքում պաշտոնապես ճանաչվել են տուժող:

Ապրիլի 14-ից ծնողները դադարեցրել են ակցիաները։ ՔԿ-ից այսօր էլ հայտնում են, թե Եռաբլուրում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությունը շարունակվում է։ Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանն այդ առնչությամբ հայտարարեց. «Գործը բարեհաջող կերպով քնեցրել են։ Մեզ ոչինչ չեն հայտնում։ Ընդ որում գործը չեն կարող կարճել, քանի որ գիտեն, որ այդ դեպքում մենք բողոքարկելու ենք այդ որոշումը՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան, իսկ այդ հեռանկարից իրենք վախենում են»։ Ըստ օրենքի ՝ ցանկացած գործ ենթակա է քննության «ողջամիտ ժամկետում», Քյարամյանի գերատեսչության պարագայում այդ ժամանակահատվածը կարող է ձգվել տարիներ, չնայած այն հանգամանքին, որ բռնության բոլոր գործողություններն արձանագրված են տեսանյութում, որը տեսել է ողջ երկիրը։

Ավելի վաղ մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ծնողների դեմ ևս հայցեր են ներկայացվել, որոնք վարչական քննության առարկա են դարձել: Այդ հետաքննություններով տուգանքի որոշումներ չկան: Վարչական դատարանը մեկը մյուսի հետևից մերժեց ծնողների դեմ հայցերը, որոնք ներկայացրել էին ոստիկանները՝ Վահե Ղազարյանի անմիջական կարգադրությամբ:

Ոստիկանները չէին զլացել մի քանի տասնյակ (!) հայցեր ներկայացնել Վարչական դատարան՝ զոհված հերոսների ծնողներին վարչական հետապնդման ենթարկելու պահանջով: Ոստիկանները պնդում են, թե նրանք չեն ենթարկվել օրինական պահանջին, մինչդեռ հայտնի է, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին մորեգույն բերետավորները Հայկազ Ջոմարդյանի հրամանով անմիջապես հարձակվել և ծնողներին քարշ են տվել ոստիկանական ավտոբուսներ՝ շիրիմների անցուղին Փաշինյանի համար ազատելու նպատակով։

Հուլիսի 6-ին Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը մերժեց ևս երկու հայց, արդյունքում կարող ենք ասել, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի ղեկավար, զոհված հերոս Ժորա Սահակյանի հայր Վահիդ Սահակյանը և զոհված հերոս Գևորգ Ջավախյանի հայր Գրիգոր Ջավախյանը չեն տուգանվի ոստիկանների պահանջով: Առերեսումների ընթացքում որոշ ոստիկաններ, կրկնեմ, ընդունել են իրենց մեղքը և ներողություն խնդրել զոհվածների ծնողներից, սակայն վարչական պատասխանատվության վերաբերյալ հայցերը ոչ ոք հետ չի վերցրել: Սեպտեմբերի 21-ին ծնողները կրկին կգան զինվորական պանթեոն: Ի՞նչ երաշխիք կա, որ հանցագործությունը չի կրկնվի, եթե կրկին այնտեղ ժամանի Փաշինյանը պաշտոնական արարողության շրջանակներում՝ մորեգույն բերետավորների եռակի օղակով շրջապատված։

«Տեղի է ունեցել հանցագործություն, զոհված հերոսների ծնողների նկատմամբ բռնություն են կիրառել առանց օրինական պահանջ հնչեցնելու։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ի դեպքերից հետո հենց նույն ոստիկանները, որոնք Եռաբլուրում բռնություն են կիրառել, առաջին շարքերում էին ծնողների մասնակցությամբ հետագա բողոքի ակցիաների ժամանակ։ Դա նման է բացահայտ հրահրման։ Ոստիկանների անպատժելիությունը հանգեցնում է այն եզրակացության, որ ապօրինությունները մեր երկրում խրախուսվում են պետական մակարդակով», - հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: