Պետնախարար․ Պահանջում ենք ՀՀ-ից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին:

 

«Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ և մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տևական օրեր է, հասկանալի պատճառներով մենք չունենք մնացած մթերքը բնակիչներին հասցնելու, բերքը հավաքելու, սովորական հացը քաղաքացուն հասանելի դարձնելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորություն:Կարծում եմ՝ այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով, արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի: Այո, ՀՀ ժողովուրդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական օգնություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում, բայց այդ միջոցները Արցախի շրջափակման ընթացքում օգտագործվել և հիմա էլ օգտագործվում են Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին. 30 հազար երեխաներին և շրջափակման ընթացքում աշխատանքից ու եկամտից զրկված մեր ավելի քան 50 հազար քաղաքացիներին ու ընտանիքների գոյությունը պահպանելու հնարավորություն տալու համար»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին իր ելույթում ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ պատրաստ է մանրամասն հաշվետվություն ներկայացնել ամեն մի դրամի ծախսման վերաբերյալ:

Անդրադառնալով Փաշինյանի այն քննադատությանը, թե Երևանում իրականացվող իրազեկման ակցիաները Արցախի կառավարության կողմից են ուղղորդվում, նա ասաց, որ դրանք որևէ մեկի կողմից չեն կառավարվում:

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների կողմից ՀՀ-ում իրականացվող իրազեկման ակցիաներին, ապա դրանք որևէ տեղից չեն կառավարվում, դրանք այս օրհասական պահին հայ ժողովրդի այլընտրանքային դիրքորոշումը բարձրաձայնելուն և լսելի դարձնելուն ուղղված տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են: Բայց մենք համոզված են, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն և որևէ մեկին նման լիազորություն չի տվել ու հարկ եղած դեպքում պատրաստ ու կարող է հայտարարել դա»,-ասաց նա:

Նա հայտարարեց, որ այսօր Արցախի շահերը ներկայացնողը Հայաստանն է, և այդ պատճառով պահանջները հղում են ՀՀ իշխանություններին:

«Այդ պահանջներն են.

1 Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որևէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, այդ հակամարտության կարգավորման գործընթացում,

2 Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, անընդունելի է ՀՀ կողմից արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմ ընդունելու ցանկացած բանավոր և գրավոր հայտարարություն: Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար և նպաստում են ադրբեջանի կողմից նորանոր հանցավոր արարքներ կատարելու: Տասնամյակներ առաջ ծրագրվող ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ըննդունելի պետական կառավարման համակարգ և ձևավորել կայուն, ինքնակառավարվող հասարակարգ ուսահմանադրական իրավակարգ, ուստի Արցախը չի կարող Ադրբեջանի տարածքասյին ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է»,-ասաց նա:

Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ որևէ մեկը, որևէ իշխանություն Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները և ընդունելու որոշում Արցախը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի կազմ ընդունելու մասին:

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումկից: Այդ մոտեցումը ունակ չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգ գոյությունը, ավելին , դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը»,-ասաց նա:

News.am